Վրաց փորձագիտական դաշտի կարծիքով` ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիայի գործով Թբիլիսիի վերաքննիչ դատարանի կայացրած վճռի հետևում ավտորիտարիզմի ականջներն են նշմարվում:
Նրանց խոսքով, այս գործում առկա են ամբողջատիրության բոլոր նախանշանները կամ նոր սահմանմամբ՝ տեղեկատվական դիկտատուրան։
Եվ այսպես, Թբիլիսիի վերաքննիչ դատարանը կալանքի տակ է թողել Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիային։ Որոշումը հրապարակվել է նոյեմբերի 2-ին։ Վերաքննիչ դատարանի որոշմամբ, Գվարամիայի պատիժը վերջնականապես սահմանվել է 3 տարի 6 ամիս։
Ըստ Վրաստանի ռազմավարական վերլուծական կենտրոնի փորձագետ Գելա Վասաձեի, առանց աշխարհաքաղաքական լուրջ փոփոխությունների՝ առանց ամբողջ Ռուսաստանի Դաշնության համակարգային պարտության, Վրաստանում իշխանափոխությունն անհնար է։
«Վերաքննիչ դատարանի վճիռը Նիկա Գվարամիայի մասին չէ, ոչ էլ համազգային շարժման և նախորդ իշխանության մասին»,- նկատում է Վասաձեն:
Միջազգային գործընկերները քաղաքական դրդապատճառներ են տեսնում
Եվրամիությունը հայտարարություն է տարածել Գվարամիայի գործով և ընդգծել, որ ուշադիր հետևում է նշված գործին։ ԵՄ-ի հայտարարության մեջ ասվում է, որ Եվրամիությունը չի մեկնաբանում մի շարք գործեր, սակայն կրկին ընդգծել է, որ Գվարամիայի գործի առնչությամբ խնդիրներ են բարձրաձայնվել, այդ թվում՝ հանրային պաշտպանն էլ է ահազանգել։
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Գվարամիային բանտում թողնելու փաստին և նշել, որ այն ժամանակ, երբ Վրաստանի հավատարմությունն անաչառ դատական համակարգին ու ԶԼՄ-ների բազմակարծությանը հատուկ քննության առարկա է՝ Գվարամիայի շարունակվող ազատազրկումը վտանգի տակ է դնում վրաց ժողովրդի հստակ ընտրությունը և վրաց առաջնորդների հայտարարած նպատակը՝ ավելի անվտանգ, ժողովրդավարական, եվրոպական ապագա:
Եվրախորհրդարանի 12 պատգամավորներ կոչ են արել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին` քննարկել Գվարամիային ներում շնորհելու հարցը: Եվրախորհրդարանականներն ընդգծել են, որ երկրում քաղբանտարկյալների առկայության փաստն անհամատեղելի է ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի հետ։
Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը, արձագանքելով Գվարամիայի գործով վերաքննիչ դատարանի վճռին, ասել է, որ այդ որոշումը կասկածի տակ է դնում Վրաստանի եվրոպական ուղին։
Մարդու իրավունքների հարցերով աշխատող PEN America հասարակական կազմակերպությունը կոչ է արել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին` ազատ արձակել Գվարամիային:
Նախագահը լռում է
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին գործի վերաբերյալ ասել է. «Նախագահը լռում է»:
Իշխող կուսակցությունը համակարծիք է վերաքննիչ դատարանի որոշմանը
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին եթե Գվարամիային ներում շնորհելու որոշում կայացնի, ապա կվիրավորի նախագահի ինստիտուտը։
Ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին
Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախագահ Նիկա Մելիան կոչ է անում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին` օգտվել իր սահմանադրական իրավունքից և ազատություն շնորհել Գվարամիային։
ՄԱՇ խմբակցության նախագահ Խատիա Դեկանոիձեն Վրաստանի նախագահին կոչ է արել ներում շնորհել Նիկա Գվարամիային։ Դեկանոիձեն լրագրողներին ասել է, որ վերաքննիչ դատարանի հրապարակած դատավճռից հետո Նիկա Գվարամիայի ազատությունը առանցքային նշանակություն ունի Վրաստանի եվրաինտեգրման համար։
«Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդներից Լևան Իոսելիանին, արձագանքելով վերաքննիչ դատարանի որոշմանը, ասել է, որ Գվարամիան այնպիսի սպառնալիք չի ներկայացնում, որ անհրաժեշտ լինի նրան փակել բանտում:
Հասարակական հատվածն այս գործում բռնապետության նշաններ է տեսնում
Վրաստանում գործող 8 հասարակական կազմակերպություններ պնդում են, որ Գվարամիայի գործը քաղաքական դրդապատճառներ ունի։
«Հիմք ընդունելով գործի նյութերը և ընթացքը, կարելի է եզրակացնել, որ նշված գործը քաղաքական դրդապատճառներ ունի, որի նպատակն է պատժել Գվարամիային և խաթարել քննադատական հեռուստաընկերության գործունեությունը», — նշել են ՀԿ-ները:
Վրաստանի էթիկայի խարտիայի խորհրդի անդամ Զվիադ Կորիձեի խոսքով, Գվարամիայի գործով դատավորները որոշում են կայացրել հօգուտ բռնապետության:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը (RSF) դատապարտել է Թբիլիսիի վերաքննիչ դատարանի որոշումը. «Նման կասկածելի հիմքեր ունեցող գործով դատավճռի և պատժաչափի խստությունը վկայում է այն մասին, որ դա քաղաքական դրդապատճառներ է ունեցել ընդդիմադիր լրատվամիջոցները թուլացնելու նպատակով»:
Գվարամիայի գործը և քաղաքային դատարանի որոշումը
Այս տարվա մայիսի 16-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավճռով Գվարամիան դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման։ Դատավորը Գվարամիային մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 220-րդ հոդվածով, այն է՝ լիազորությունները չարաշահելը։
Գվարամիային առաջադրած դատախազության մեղադրանքները վերաբերում էին այն ժամանակաշրջանին (2014-2019), երբ նա «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրենն էր։ Մասնավորապես, 2019 թվականին դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել ծանրացուցիչ հանգամանքներում կատարված գույքային իրավունքների ապօրինի յուրացման, առևտրային կաշառքի, կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու, ապօրինի եկամուտների օրինականացման և լիազորությունները չարաշահելու համար: