Ընդդիմադիր «Մթավարի արխիի» գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը մեղադրել է իր դեմ հարձակումը կազմակերպելու մեջ։
Հիշեցնենք՝ նախօրեին 3 մարդ հարձակվել էր Գվարամիայի վրա՝ Թբիլիսիի քաղաքային դատարանի բակում։ Դեպքը կատարվել է «Մթավարի արխի» ալիքի համասեփականատեր Գիորգի Ռուռուայի դատական գործի լսումից առաջ, ով մեղադրվում է ապօրինի զենք կրելու մեջ։ Գվարամիան նրա փաստաբանն է այս գործով։
Գվարամիան լրագրողներին ասել էր, որ իրեն մեջքից են հարվածել, ինչից հետո ինքն ընկել է։ Դեպքի հետ կապված Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քննություն է սկսել՝ «բռնություն» հոդվածով, սակայն ձերբակալվածներ չկան։
Գվարամիան կարծում է, որ հարձակվողները կապ ունեն իշխող կուսակցության հետ, իսկ կատարվածի միակ պատճառը համարում է իր գործունեությունը։ Ընդդիմադիր ՀԸ-ի տնօրենն իշխանություններին մեղադրում է երկակի ստանդարտների մեջ։
«Սա միանշանակ, պատվերով հարձակում էր։ Ինձ բացարձակ չի զարմացնում, որ ոչ ոք բերման չենթարկվեց։ Ինչքան վատ իրեն պահի «Վրացական երազանքը», թեկուզ և իմ հաշվին, այդքան շուտ նրա վերջը կգա», — իր հեռուստաընկերության եթերից ասել է Գվարամիան։
Հարկ է նշել, որ ներկա պահին Գվարամիան «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գործով է անցնում, որն ինքը ղեկավարել է վերջին 7 տարիների ընթացքում։ Նա մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու, հեռուստաընկերության սեփականության իրավունքը խոշոր չափերով վատնելու, ինչպես նաև փաստաթղթերի կեղծման մեջ։
Լուսանկարը՝ Նիկա Գվարամիայի ֆեյսբուքյան էջից