
Վրաստանի Կախեթիի մարզի Գուրջաանիի մունիցիպալիտետում հորդառատ անձրևից ու փոթորկից հետո մաքրման ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում։
Հունիսի 15-ին տեղի ունեցած բնական աղետի հետևանքով հեղեղվել են տներ և բակեր. վնասվել են ճանապարհային ենթակառուցվածքներ, էլեկտրական սյուներ, գազի խողովակներ։
Գուրջաանի քաղաքապետարանից հայտնել են, որ առատ տեղումների պատճառով ձորերից ջուրը հոսել և հեղեղել է ինչպես քաղաքի փողոցները, այնպես էլ հարակից գյուղերը։
Գուրջաանիի քաղաքապետի առաջին տեղակալ Լերի Գելենավայի խոսքով, բնակչության մի մասի գազամատակարարումը, ջրամատակարարումը և էլեկտրականությունը դադարեցված է: Ըստ նրա՝ աշխատանքներ են տարվում մատակարարումը վերականգնելու ուղղությամբ, նախատեսվում է խնդիրը լուծել 2 օրվա ընթացքում։
Գելենավայի խոսքով, տուժածներ չկան։ Աղետի տարածքում մաքրման աշխատանքներ են իրականացվում ինչպես Գուրջաանիի և հարակից քաղաքապետարանների ծանր տեխնիկայով։