
Գուրիայում առատ ձյան պատճառով տուժածներին օգնություն տրամադրելու նպատակով ստեղծվել է moxalise.ge (թարգմանաբար՝ կամավոր) կայքը։
Այն ներկայացնում է ակտիվ քարտեզ, որտեղ կամավորները կարող են տեսնել օգնության կարիք ունեցողների տեղակայումը։ Քարտեզի վրա նշված են նաև այն անձանց մոտավոր դիրքերը, ում արդեն օգնություն է տրամադրվել կամ գտնվելու վայրը դժվար է որոշել։ Բացի այդ, կայքում տուժածները կարող են կամավորներից օգնություն խնդրել։
«Կամավորներ, ստեղծեք Telegram հաշիվ, միացեք մեր խմբին՝ @guria_sos հեշթեգով։ Այնուհետև, նշեք, թե որ տարածք եք պատրաստվում գնալ։
Moxalise.ge կայքում ընտրեք նրանց, ում պատրաստվում եք օգնել, տեղեկացրեք այդ մասին Telegram-ի նույն խմբում»,- հորդորում է «Կամավորներ Գուրիայի համար» խմբի համակարգող Լինա Մխիթարյանը ֆեյսբուք սոցիալական ցանցում։
Հիշեցնենք՝ վերջին օրերի առատ ձյան պատճառով Վրաստանի արևելյան շրջաններում արտակարգ իրավիճակ է ստեղծվել, ողբերգական հետևանքներ է ունեցել տեղի բնակչության համար։ Որոշ մարզերի դպրոցներում դադարեցվել է նաև ուսումնական գործընթացը։ Ձյան առատ տեղումների պատճառով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի կենտրոնական մուտքի տանիքը։ Լանչխութիի մունիցիպալիտետում առատ ձյան պատճառով իրավիճակը բարդ է:
Թբիլիսիից և այլ քաղաքներից կամավոր փրկարարներ են մեկնել։