Գրողների տանը կայացել է Անահիտ Բոստանջյանին նվիրված երեկո

Դեկտեմբերի 18-ին Թբիլիսիի Գրողների տանը տեղի է ունեցել հիշատակի երեկույթ՝ նվիրված վիրահայ գրող, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ Անահիտ Բոստանջյանին:

Վաղամեռիկ բանաստեղծուհին իրեն բնութագրում էր այսպես. «Ես ամենուր եմ»։ Կյանքի այս կարգախոսով էլ ապրում էր Բոստանջյանն՝ ընտանիքում և ընտանիքից դուրս: Անահիտ Բոստանջյանի մահից հետո հրապարակվել է նրա «Ես ամենուր եմ» ժողովածուն։

Երեկույթի մասնակիցները պատմել են բանաստեղծի մասին իրենց հուշերը: Ելույթ է ունեցել նաև Անահիտ Բոստանջյանի դուստրը՝ Մարինա Բոստանջյանը:

Նա պատմել է, թե ինչպես է մայրն աշխատել օրուգիշեր և ինչքան շատ է սիրել իր աշխատանքը:

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում Անահիտ Բոստանջյանի գործունեությանն է անդրադարձել նաև Գրողների տան տնօրեն Մակղվալա Գոնաշվիլին:

«Այս զարմանահրաշ կնոջ մահով մեծ լույս կորցրեց և՛ վրաց մշակույթը, և՛ հայկականը։ Նա դատարկություն ու ցավ թողեց մեր սրտերում։ Անահիտի աշխատանքն անգնահատելի է։
Նա թարգմանել է վրացի բազմաթիվ գրողների, այդ թվում՝ Վաժա Փշավելայի, Ռեզո Ինանիշվիլիի, Օթար Ճիլաձեի ստեղծագործությունները։
Այսկերպ Անահիտը հայերին էր մատուցում վրացական արժեք ներկայացնող պոեզիան։ Նա եզակի էր ամեն ինչով. թարգմանում էր նաև հայերենից վրացերեն՝ այսպիսով վրաց ժողովրդին էլ ներկայացնում էր հայ գրականության լավագույն նմուշները»,- ընդգծեց Գոնաշվիլին:

Տնօրենը վերհիշեց բանաստեղծի հետ անցկացրած տարիները, մանրամասնեց, որ միասին շատ են ճանապարհորդել, միասին վերապրել երկու երկրի (Վրաստանի և Հայաստանի- հեղ.) հաջողությունն ու ցավը:

«Այսօր, այս դահլիճում եթե այսքան մարդ է հավաքվել, դա վկայում է Անահիտի հանդեպ մեծ սիրո և հարգանքի մասին»,- ասաց Գոնաշվիլին:

Բոստանջյանը շատ բան հասցրեց անել՝ թողնելով հարուստ գրական ու մտավոր ժառանգություն, որոնք վաղուց արդեն բոլորինն են: Շատ բան էլ կիսատ թողեց՝ թարգմանություններ, անավարտ էջեր ու մտահղացումներ և «Կամուրջ»-ը, որ հարազատ մանկան նման էր սիրում: Սիրված բանաստեղծուհու մահից հետո նրա մտքերը վերաիմաստավորվում են, գործերը` նոր կյանք ստանում:

2017-ի հունվարի 8-ի գիշերը վիրահայ գրող, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ Անահիտ Բոստանջյանը ֆեյսբուքում արեց իր վերջին գրառումը. «Սա իմ վերջին գրառումն է ֆեյսբուքում»։ Թեև երեք կետից հետո նա հավելել էր «այս թեմայով» բառերը, սակայն դա, իրոք, վերջինը եղավ:

Բոստանջյանն ամփոփված է Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում։