Թբիլիսիի քաղաքային դատարանում կայացել է մարտի ցույցերի մասնակից Լազարե Գրիգորիադիսի դատավարությունը. նա ձերբակալվել էր ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։
Լսելով պաշտպանական և մեղադրող կողմերի ներածական խոսքը՝ դատավոր Զվիադ Շարաձեն հաջորդ նիստը նշանակել է հունիսի 13-ի ժամը 13:00-ին։ Ըստ դատախազների՝ հաջորդ նիստին ապացույցների հետազոտումը կսկսվի վկաների ցուցմունքներով։ Հայտնի է, որ հունիսի 13-ի դատական նիստը կտևի 2 ժամ։
Գրիգորիադիսի գործով մեղադրող կողմի վկաները ոստիկաններ են, փորձագետներ և մեղադրյալի ընկերը։ Դատախազները հույս ունեն, որ ապացույցների համակցումը թույլ կտա դատարանին կայացնել մեղադրական դատավճիռ։
Ի դեպ, 21-ամյա ցուցարարը մեղադրվում է երկու ոստիկանի «Մոլոտովի կոկտեյլով» վիրավորելու և ոստիկանական Toyota Corolla ավտոմեքենան այրելու համար։ Նիստում դատախազներն ասել են, որ տուժած երկու ոստիկաններից մեկը ձեռքի, մյուսը ոտքի այրվածքներ է ստացել, իսկ մեքենան հրկիզելու հետևանքով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 39 հազար 500 լարի։
Գրիգորիադիսի պաշտպանական կողմը պնդել է, որ մեղադրյալի մեղքը հաստատող ուղղակի ապացույցներ չկան։ Ե՛վ քաղաքային, և՛ վերաքննիչ դատարանը մերժել են պաշտպանական կողմի առաջարկը` հաբիտոսկոպիկ հետազոտություն անցկացնել։