2023 թվականի մարտի 7-9-ի «գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերի մասնակից Լազարե Գրիգորիադիսի գործով եզրափակիչ նիստը մարտի 28-ին երրորդ անգամ հետաձգվեց:
Թբիլիսիի քաղաքային դատարանում մարտի 28-ին, ժամը 12:00-ին նշանակված դատավարությունը, որտեղ դատավոր Զվիադ Շարաձեն պետք է լսեր Գրիգորիադիսի պաշտպանական և մեղադրական կողմերի եզրափակիչ խոսքերը, մեկնարկել է 27 րոպե ուշացումով և ավարտվել 4 րոպե անց: Սա պետք է լիներ վերջին նիստը, որից հետո դատավորը պետք է հրապարակեր որոշումը:
Հունվարի 15-ի դատական նիստում, երբ պաշտպանական կողմը հրաժարվեց հարցաքննել վկաներին՝ գործընթացը ձգձգելուց խուսափելու համար, եզրափակիչ նիստի օր է նշանակվել փետրվարի 26-ը։ Փետրվարի վերջին՝ նիստից 4 օր առաջ, եզրափակիչ նիստը հանկարծակի հետաձգվեց։ Դատավորը արձակուրդ էր գնացել՝ վերջնական նիստի նոր օր չնշելով։ Միայն փետրվարի 29-ին հայտնի դարձավ, որ եզրափակիչ նիստը տեղի կունենա մարտի վերջին հինգշաբթի օրը։
Եզրափակիչ նիստի հետաձգման պատճառը Գրիգորիադիսի որոշումն էր. նա հրաժարվել էր նիստերի դահլիճ գալ և հեռակա մասնակցություն էր խնդրել։ Դատավորին ներկայացվել է և՛ ամբաստանյալի փաստաբանի, և՛ քրեակատարողական ծառայության գրությունը՝ որպես ապացույց, որ Գրիգորիադիսը իսկապես ցանկանում էր հեռակա կարգով մասնակցել գործընթացին։ Դատավոր Շարաձեն ասել է, որ այս փաստաթղթերը չեն բացատրում, թե ինչու է մեղադրյալը հրաժարվել նիստերի դահլիճում մասնակել նիստին, և, հետևաբար՝ անհրաժեշտ է համարել հետաձգել գործընթացը՝ կողմերի լիարժեք մասնակցության համար։
Գրիգորիադիսի փաստաբան Լիկա Բիթաձեն դատավորին ասել է, որ մեղադրյալը հրաժարվում է ոչ թե մասնակցել դատական գործընթացին, այլ՝ հրաժարվում է նիստերի դահլիճ գալ, ինչի իրավունքն ունի։ Բիթաձեն հիմնվել է Քրեական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի վրա:
Ի դեպ, մարտի 31-ին լրանում է մեկ տարին, ինչ Գրիգորիադիսը գտնվում է «Գլդանի» քրեակատարողական հիմնարկում. նա մեղադրվում է «ռուսական օրենքի» դեմ բողոքի ակցիաների ընթացքում քրեական հանցագործություն կատարելու համար։ Նա բանտում դարձավ 22 տարեկան։