Վրաստանյան 20-ից ավելի հասարակական կազմակերպություններ (ՀԿ) արձագանքել են 2023 թվականի մարտի 7-9-ին ծավալված «գործակալների օրենքի» դեմ բողոքի ցույցերի մասնակից Լազարե Գրիգորիադիսի դատական գործին և պնդել, որ լսումներն անհիմն են ձգձգվում:
ՀԿ-ները հրապարակային հայտարարության մեջ կասկած են հայտնել, որ Գրիգորիադիսի գործն «արդար ավարտ չի ունենա»։
«Առաջին ատյանի դատարանում Լազարե Գրիգորիադիսի գործի քննությունը շարունակվում է մեկ տարի, և դեռ հայտնի չէ, թե դատարանը երբ կհրապարակի վճիռը։ Գործընթացի անհիմն ձգձգման և ընթացակարգային այլ լուրջ խախտումների ֆոնին խորանում է կասկածը, որ Լազարե Գրիգորիադիսի նկատմամբ կլանային դատարանը, որը սերտորեն կապված է քաղաքական ղեկավարության հետ, արդար վճիռ չի կայացնի»,- հայտարարել են ՀԿ-ները:
Ըստ նրանց՝ այսօր պարզ է դառնում, որ գործի քննությունն առաջին ատյանի դատարանում արդեն անհիմն ձգձգվել է, ինչն իր մեջ պարունակում է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի մեկ այլ ասպեկտի խախտման նշաններ:
Խոսքը Գրիգորիադիսի վերջին դատական նիստի հետաձգման մասին է` այն պատճառաբանությամբ, որ ամբաստանյալը չի ներկայացել դատարան։ Դատավոր Զվիադ Շարաձեն Գրիգորիադիսին թույլ չտվեց հեռակա կարգով ներկա լինել դատավարությանը։ Նա նշեց, որ պաշտպանական կողմը «չի ներկայացրել», թե ինչ պատճառով Գրիգորիադիսը չի կարողացել ներկայանալ դատարան։
ՀԿ-ները պարզաբանել են, որ նիստին հեռակա մասնակցելը մեղադրյալի իրավունքն է, և դա հիմնավորում չի պահանջում։ Ըստ նրանց՝ դատավոր Զվիադ Շարաձեն «կոպտորեն խախտել է քրեական դատավարության օրենքի պահանջները` Լազարե Գրիգորիադիսից պահանջելով մի բան, ինչն օրենքով չի պահանջվում»։
ՀԿ-ները պնդել են՝ Գրիգորիադիսի գործը քաղաքական դրդապատճառներ ունի, և նմանօրինակ դեպքերի համակարգային բնույթը վկայում է Եվրամիությանն անդամակցելու 9 վերապահումներից մեկի՝ «վեթինգի» համակարգի ներդրման անհրաժեշտության մասին։ Ըստ կազմակերպությունների՝ առանց դատավորների բարեխղճությունը ստուգելու՝ «դատական համակարգը առողջ չի լինի, հետևաբար՝ քաղաքական դրդապատճառներով գործերի ցանկը վերջ չի ունենա»։
Ի դեպ, մարտի 31-ին լրացավ մեկ տարին, ինչ Գրիգորիադիսը գտնվում է «Գլդանի» քրեակատարողական հիմնարկում. նա մեղադրվում է «ռուսական օրենքի» դեմ բողոքի ակցիաների ընթացքում քրեական հանցագործություն կատարելու համար։ Նա բանտում դարձավ 22 տարեկան։