
«Եթե ընտրություններն անցկացվեն գործող ընտրահամակարգով, վստահ եմ, որ «Վրացական երազանքը» նորից սահմանադրական մեծամասնություն կունենա»,- այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության ղեկավար Մամուկա Մդինարաձեն:
Վերջինիս խոսքով, եթե ընդդիմությունը համաձայնի իշխանությունների կողմից առաջարկված 100/50 մոդելին (100 համամասնական և 50 մեծամասնական մանդատ), ապա իշխող թիմը կդժվարանա սահմանադրական մեծամասնություն ստանալ:
«Եթե ընդդիմությունը մեր առաջարկին համաձայնի, հնարավոր է` դժվարանանք խորհրդարան մտնել սահմանադրական մեծամասնությամբ, սակայն գործող ընտրակարգով, վստահ եմ, որ «Վրացական երազանքը» սահմանադրական մեծամասնություն կունենա: Երբ ընդդիմությունն ասում է, թե «Վրացական երազանքը» 20-25% աջակցություն ունի, դա ընդամենը հոգեբանական ճնշում է»,- հայտարարել է Մդինարաձեն: