«Գործի՛ր այսօր, վաղը հնարավոր է ուշ լինի» կոչով Վրաստանի քաղաքացիներին են դիմում Խորավայի փողոցում սպանված անչափահաս Դավիթ Սարալիձեի հոր՝ Զազա Սարալիձեի աջակիցները: Վերջինիս այսօր տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով 4-6 տարվա ազատազրկում է սպառնում:
Այս պահին խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիա է՝ ի պաշտպանություն Սարալիձեի: Մասնակիցները խորհրդարանի տարածքում վրաններ են տեղադրել՝ այս կերպ համերաշխություն ցուցաբերելով, քանի որ Սարալիձեին առավոտյան ձերբակալել էին հենց վրան տեղադրելու պատճառով:
Սարալիձեն զարկերակային բարձր ճնշման և էմոցիոնալ ֆոնի վրա ոստիկանության բաժանմունքից տեղափոխվել է Ինգորոկղվայի հիվանդանոց: Կլինիկայի բժշկի տեղեկատվությամբ, Սարալիձեի առողջական վիճակը կայուն է գնահատվել:
Սարալիձեի փաստաբան Նեստան Լոնդարիձեի խոսքով, Սարալիձեն ամբողջ օրվա ընթացքում չի սնվել, ինչի հետևանքով առաջացել է շաքարի բարձր մակարդակ և բարձր ճնշում:
Խորհրդարանի հարակից տարածքում է եղել նաև Սարալիձեի մայրը: Վերջինս միացել է ակցիային և տեղի ունեցածը որակել սադրանք: Մարինա Բրեգաձեն ասել է, որ որդու ձերբակալությունն ակցիան դադարեցնելու պատճառ չի դառնա:
«50 օր շարունակ իրավապահ մարմինները և կառավարությունը սադրանքների էին դիմում, այսօր նրանց հաջողվեց Զազային ձերբակալել: Սոցցանցերում բազմիցս ասել եմ, որ Զազային խանգարել որևէ կերպ չի ստացվի: Մենք չենք դադարի, Զազայի կողքին է իր ընտանիքը, ունի բավական մեծ շրջապատ, կանենք ամեն բան»,- ասել է նա:
Սարալիձեի մայրն ավելացրել էր, որ որդին առողջական խնդիրներ ունի, չէր կարող 24-ժամյա ռեժիմով խորհրդարանի շենքի տարածքում գտնվել, այդ իսկ պատճառով օրվա ընթացքում 2-3 ժամ տուն է այցելել: Սարալիձեի մայրը հայտարարել է, որ որդու փոխարեն այժմ ինքը կլինի տեղում:
Հարցին անդրադարձել է նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին: Վերջինս հայտարարել է, որ Սարալիձեն որդու մահը քաղաքականացնում է:
Հիշեցնենք, Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը Զազա Սարալիձեին մեղադրում է ոստիկանի վրա հարձակում գործելու մեջ։ Այսօր խորհրդարանի շենքի մոտ ձերբակալված Սարալիձեի նկատմամբ գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի հատկանիշներով, ինչը ենթադրում է 4-7 տարվա ազատազրկում:
Սարալիձեի հետ դեպքի վայրից բերման են ենթարկվել նաև նրա երկու աջակիցները։ Վերջիններս մեղադրվում են վարչական իրավախախտման մասին օրենսգրքի 173-րդ հոդվածով՝ ոստիկանների պահանջին չենթարկվել: Նրանք կտուգանվեն 250-2000 լարիի չափով կամ 15 օրվա վարչական կալանքի կենթարկվեն:
Սարալիձեի աջակիցներից Դավիթ Ինաշվիլիի տեղեկատվությամբ, Սարալիձեի և ոստիկանների միջև ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ իրենք փորձել են անձրևից պաշտպանվելու համար շենքի մոտ տեղադրված մահճակալները ծածկել։ Ոստիկանները խոչընդոտել են, արդյունքում ծեծկռտուք է տեղի ունեցել։