«Աշխատանքային այցով» Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում գտնվող Նիկարագուայի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Դենիս Մոնկադան` Աբխազիայի դե ֆակտո նախարար Ինալ Արձինբայի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները (ՀԿ) գործիք են Նիկարագուայի պետական գործընթացների վրա ազդելու և ներքին քաղաքականությունը ապակայունացնելու համար:
Հանդիպմանը, ինչպես նշել է Աբխազիայի դե ֆակտո ԱԳՆ-ն՝ հատուկ ուշադրություն է դարձվել կողմերի ոչ կառավարական բանակցություններին։
«6,6 միլիոն բնակչությամբ Նիկարագուայում աշխատում են 200 հասարակական կազմակերպություններ, որոնք ղեկավարում են հայտնի պետական այրեր, գիտնականներ, գրողներ։ Այդ կազմակերպությունների ֆինանսավորումն ուղղված է ներքաղաքական ապակայունացմանը և երկրում պետական հեղաշրջմանը»,- ասել է Մոնկադան:
Ի դեպ, Ռուսաստանի նախագահի վարչակազմում աշխատող Ինալ Արձինբայի՝ Աբխազիայի արտաքին գործերի դե ֆակտո նախարար նշանակվելուց հետո, Աբխազիայում հասարակական կազմակերպությունների վրա ճնշումները և նրանց հասցեին սպառնալիքներն ավելացել են։ Արձինբան հաճախ է խոսում հասարակական կազմակերպությունների ֆինանսական անթափանցիկության և Աբխազիայում արևմտյան երկրների ու Վրաստանի փափուկ ուժի մասին, ինչը, ըստ նրա՝ փորձում են անել հասարակական կազմակերպությունները։
Ի դեպ, Նիկարագուան այն սակավաթիվ երկրներից է, որը Ռուսաստանից հետո ճանաչել է Աբխազիան և Հարավային Օսիան որպես անկախ պետություններ։