Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով, միջազգային գործընկերները պատրաստ են խորհրդարանական ընտրություններից հետո երաշխիքներ տալ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին։
«Մեր գործընկերները չեն ցանկանում ընտրություններից հետո այս երկրում անկայունության որևէ փորձ տեսնել: Նրանց համար ամենակարևորը խաղաղ, ժողովրդավարական անցումն է… ինձ ասում են՝ որոշակի երաշխիքներ են անհրաժեշտ Իվանիշվիլիի համար։ Կարծում եմ՝ կարելի է խոսել այդ մասին․ Իվանիշվիլին սխալ է հասկացել, կարծում է՝ դա (երաշխիքները-հեղ.) նշանակում է հարաբերությունները կարգավորել»,- «Ֆորմուլա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է նախագահը։
Զուրաբիշվիլին նաև նշել է՝ «Վրացական երազանք»-ն է «խառնել» արտաքին քաղաքականությունը, որը, ըստ նախագահի՝ չի կարգավորվի այս կառավարության քաղաքականության օրոք:
Զուրաբիշվիլիի խոսքով, ինքը կներկայացնի վարչապետի թեկնածուին և կառավարությունը, ինչը նախատեսված է իր հեղինակած «Վրացական խարտիա»-ով։ Զուրաբիշվիլին վստահ է, որ այս հարցում կպայմանավորվի քաղաքական ուժերի հետ։
Հոկտեմբերի 21-ին իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Իվանիշվիլին կարծիք է հայտնել, թե Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո, գործընկերների հետ հարաբերությունները կվերադառնանան նախկին մակարդակին: