Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, կանոնակարգում և ընթացակարգում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել։ Վերջին փոփոխություններից մեկին կտրուկ արձագանքեցին և՛ հասարակությունը, և՛ մոնիտորինգ իրականացնող կազմակերպությունները։
Մասնավորապես այն փոփոխությունը, ըստ որի` ընտրատեղամասում հանձնաժողովի անդամների միջև գործառույթների բաշխման վիճակահանությունը կկատարվի ընտրություններից 7 օր առաջ՝ ընտրության օրվա փոխարեն։
Այս ընթացակարգը միշտ կատարվում էր ընտրությունների օրը` ժամը 07։00-08։00-ի ընթացքում։ Ըստ այդմ, այս գործընթացը կատարվել է լրագրողների, միջազգային և տեղական դիտորդների հսկողության ներքո։ Դիտորդական կազմակերպությունների կարծիքով` Վրաստանում և նրա սահմաններից դուրս բացված ավելի քան 3000 տեղամասերում վիճակահանության ընթացակարգը դիտարկելու համար գործնականում անհնար է լայնածավալ դիտորդական ռեսուրս մոբիլիզացնել ընտրություններից 7 օր առաջ։
Ընտրատեղամասում գործառույթների բաշխմամբ որոշվում է, թե հանձնաժողովի որ անդամն ինչ գործառույթ պետք է կատարի ընտրության օրը։ Ընտրատեղամասում վիճակահանությամբ բաշխվում է ընտրողներին գրանցող և հոսքը կարգավորող աշխատակիցների գործառույթը։
«Transparency International-Վրաստան»-ը (TI) նշել է, որ այդ փոփոխության հետևանքով կխաթարվի վիճակահանության ընթացակարգի դիտարկման որակը, ինչը, անկասկած, կնվազեցնի ընտրական գործընթացի թափանցիկությունը։
Այս թեմայի շուրջ զրուցեցինք Գիգի Չիխլաձեի հետ։ Նա «Transparency International-Վրաստան» ընտրական հարցերի համակարգողն է։ Չիխլաձեն երկու կարևոր խնդիր առանձնացրեց.
«Առաջին խնդիրը, որ ունենք` թափանցիկությունն է։ Վրաստանի ավելի քան 3000 տեղամասերում գրեթե անհնար կլինի մոբիլիզացնել դիտորդների այն աստիճանը, որը հնարավոր կլիներ ընտրությունների օրը: Բնական է, որ միջազգային դիտորդները չեն կարող 7 օր շուտ գալ Վրաստան՝ այս մեկ ընթացակարգը հսկելու համար»,- ասաց Գիգի Չիխլաձեն և շարունակեց.
«Իսկ երկրորդ կարևոր հարցը՝ նրանք [կառավարությունը] ոչ մի կերպ չկարողացան հիմնավորել, թե ինչու էր անհրաժեշտ նման փոփոխություն կատարել։ Անցյալ տարի տեղի ունեցան 2 լրացուցիչ ընտրություններ, որոնց ընթացքում փորձարկվեցին էլեկտրոնային տեխնոլոգիաները, սակայն լրացուցիչ ընտրություններից և ոչ մեկից հետո քվեարկության կարգի հետ կապված խնդիրներ չկային։ Հուլիսին դրա մասին չի խոսվել, և թե ինչպես են որոշել մեկ ամսում անել այս փոփոխությունը, հայտնի չէ, քանի որ այս ընթացքում միջանկյալ ընտրություններ չեն եղել, ինչից ելնելով կարող էին ենթադրել, որ փոփոխություններ են անհրաժեշտ»։
Եզրափակելով` Գիգի Չիխլաձեն ասաց, որ այս փաստարկների հիման վրա կարելի է ենթադրել, որ այդ որոշումը հիմնավորված չէ և վտանգի տակ է դնում ընտրությունների թափանցիկությունը։
«Արդար ընտրություններ» հասարակական կազմակերպության նախընտրական շրջանի մոնիտորինգի զեկույցում, որն ընդգրկում է հունիսի 1-ից օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածը, նշված է, որ մինչև ընտրությունները վիճակահանության ընթացակարգի անցկացումը կարող է հանձնաժողովի անդամների վրա ճնշում գործադրելու ուղղակի վտանգ ստեղծել․
«Արդար ընտրություններ» ՀԿ-ի կարծիքով` փոփոխությունը հակասում է Վրաստանի ընտրական օրենսդրությանը, ինչպես նաև կարող է սպառնալ ընտրական վարչակազմի ստորին մակարդակում գտնվող հանձնաժողովի անդամների անկախությանը։ Մինչ ընտրությունները վիճակահանության ընթացակարգի անցկացումը կարող է հանձնաժողովի անդամների վրա ճնշում գործադրելու ուղղակի վտանգ ստեղծել»,- նշված է զեկույցում։
Այս փոփոխության մասին զրուցեցինք ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Գիորգի Սանտուրիանիի հետ։ Ըստ նրա` այդ փոփոխությունը չի վտանգում ընտրությունների թափանցիկությունը։
«2023 թվականից փոփոխություններ են կատարվել, ըստ որոնց՝ այն տեղամասերում, որտեղ ընտրություններն իրականացվելու են էլեկտրոնային տեխնոլոգիաների միջոցով, շարժական քվեատուփի հանձնաժողովի անդամների գործառույթների բաշխումը կատարվում է ընտրություններից 7 օր առաջ։ 2023 թվականին մենք ունեցել ենք ընտրություններից 7 օր առաջ որոշակի գործառույթներ բաժանելու փորձ»,- ասաց Գիորգի Սանտուրիանին և շարունակեց․
«Որպեսզի չխախտվի միատեսակության սկզբունքը, քանի որ մենք ունենք 3070 տեղամաս, որոնցից 2262-ում ընտրություններն անցկացվելու են էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ, այս փոփոխությունը ազդել է նաև ավանդական տեղամասերի վրա։
Փոփոխության նպատակն այն է, որ ընտրատեղամասն ընտրությունների օրվա համար լիարժեք պատրաստ լինի»։
Հարցին, թե ընտրություններից 7 օր առաջ ինչպե՞ս պետք է մոբիլիզացվեն դիտորդները, նա պատասխանեց. «Ցանկացող դիտորդներին, անշուշտ, հնարավորություն կտրվի դիտորդական առաքելություն իրականացնել»։
Գիորգի Սանտուրիանին նշեց, որ անհասկանալի է, թե ինչու է այդ փոփոխությունը բացասական արձագանք ստացել, քանի որ շարժական քվեատուփի հետ կապված փոփոխությունը նման արձագանք չէր առաջացրել։
Հարկ է նշել, որ չնայած ընտրությունների մոնիտորինգով զբաղվող խոշոր կազմակերպությունների մտահոգություններին, ԿԸՀ-ն երաշխավորում է ընտրությունների թափանցիկությունը։ Նշված փոփոխության փաստացի արդյունքները հայտնի կդառնան ընտություններից հետո։