Վրաստանում քաղաքացիների քովիդ կարգավիճակի մասին տեղեկություն հաղորդող, այսպես կոչված «կանաչ անձնագրի» հավելվածն արդեն գործարկվել է, թեև այն դեռ ուշացումներով է աշխատում։
Iphone-ի օգտատերերի համար App Store-ում արդեն հասանելի է GEORGIA e-Health կոչվող հավելվածը, իսկ Android-ի օգտատերերը հավելվածը կարող են ներբեռնել այս հղումով:
Վրաստանի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ իրենք արդեն դիմել են Play Store-ին և որոշ ժամանակ անց օգտատերերը կկարողանան հավելվածը ներբեռնել առանց հղման՝ անմիջապես Play Store-ից։
Ըստ օգտատերերի, հավելվածը և՛ Apple, և՛ Android սարքերում ուշացումներով է աշխատում, թեև գրանցվել կարողացել են։
Վրաստանի քաղաքացիներին «կանաչ անձնագիրը» պետք կգա դեկտեմբերի 1-ից, երբ սահմանափակվեն այցելությունները որոշ տեսակի հաստատություններ առանց կանաչ կարգավիճակի վկայականի։
Հիշեցնենք՝ «կանաչ» կարգավիճակ կունենա այն անձը, ով երկու անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, համավարակի ընթացքում վարակվել է կորոնավիրուսով կամ վերջին 72 ժամվա ընթացքում PCR և 24 ժամվա ընթացքում արագ թեսթի բացասական պատասխան ունի։
Բացի այդ, հավելվածը հասանելի կլինի ԵՄ 27 երկրում, ինչպես նաև ԵՄ անդամ չհանդիսացող 22 երկրներում։ Սմարթֆոն չօգտագործողները կարող են դիմել Արդարադատության տուն և ստանալ «կանաչ անձնագիր» տպագիր տեսքով։ Վրաստանի քաղաքացիները այս փաստաթղթով և դիմումով կկարողանան մեկնել 49 երկիր։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր