
Մարտի 11-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի դահլիճում ձերբակալված գործարար, զբոսանավերի բիզնեսի սեփականատեր Գիորգի Չիկվաիձեն հացադուլ է սկսել։ Դրա մասին նա գրել է բանտից ուղարկված նամակում, որը վրաստանյան «Ազատություն» ռադիոկայանին տրամադրել է նրա եղբայրը՝ Դիմիտրի Չիկվաիձեն։
«Ես չեմ հանդուրժի այս համակարգի ճնշումները: Այսօրվանից սկսում եմ լիարժեք հացադուլ: Այս անգամ էլ կառաջնորդվեմ իմ սկզբունքներով, եթե նույնիսկ դա իմ կյանքն արժենա, ես դա կանեմ ի սեր իմ երկրի», — գրել է Չիկվաիձեն։
Դիմելով իր բարեկամներին և ընկերներին, Չիկվաիձեն գրել է. «Դուք` բոլոր լռողներդ, մասնակից եք այս գործընթացին: Ընկերներ, կանգ մի առեք: Պայքարը շարունակվում է մինչև հաղթանակ»։
Մարտի 11-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Իզա Կելենջերիձեն բավարարել է դատախազության միջնորդությունը և դրամական միջոցների յուրացման համար մեղադրվող գործարար Գիորգի Չիկվաիձեի խափանման միջոցը՝ գրավը, փոխարինել ազատազրկմամբ: Նրա բիզնես գործընկեր Իրակլի Պապիաշվիլիի գրավը թողնվել է ուժի մեջ։
Ուշագրավ է, որ Չիկվաիձեն մարտի 10-ին վստահ էր, որ իրեն մարտի 11-ին ձերբակալելու են։