
Վրացի գործարար, զբոսանավերի բիզնեսի սեփականատեր Գիորգի Չիկվաիձեն, որ Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ կալանքի տակ է, տեղափոխվել է բանտային կլինիկա։ Տեղեկությունը մարտի 20-ին հրապարակել է նրա բիզնես գործընկեր Իրակլի Պապիաշվիլին։
«Գիորգիի վիճակը դեռ ծանր է՝ առանց սայլակի չի կարողանում շարժվել, ձախ ոտքն ընդհանրապես չի զգում, և քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմն էլ ասում է, որ նրա անալիզների արդյունքները շատ տագնապահարույց են», — Facebook-ում գրել է Պապիաշվիլին:
Գիորգի Չիկվաիձեն արդեն 10-րդ օրն է հացադուլ է անում։ Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հանձնարարությամբ քրեակատարողական հիմնարկ է մտել քաղաքական գործիչ և փաստաբան Էկա Բեսելիան՝ նրան տեսակցելու։
«Նրա վիճակը շատ ծանր է… Նա չի կարող քայլել, դժվարանում է խոսել: Նա սկզբունքային կարծիք ունի, որ պետք է շարունակի հացադուլը այնքան, որքան կարող է: Նա պահանջում է, որ գոնե մեկ ապացույց ներկայացնեն, որի հիման վրա նրա խափանման միջոցը՝ գրավը, փոխել են», — Չիկվաիձեին տեսակցելուց հետո ասել է Բեսելիան։
Հանրային պաշտպանի գրասենյակը մարտի 19-ին ևս տեղեկություն է տարածել կալանավորված գործարարի առողջական վիճակի մասին՝ նշելով. «Գիորգի Չիկվաիձեն հացադուլ է հայտարարել, այս պահին նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, և նա գտնվում է բժիշկների հսկողության տակ»։
Չիկվաիձեն ձերբակալվել է մարտի 11-ին՝ հենց Թբիլիսիի քաղաքային դատարանի դահլիճում: Ուշագրավ է, որ Չիկվաիձեն մարտի 10-ին վստահ էր, որ իրեն մարտի 11-ին ձերբակալելու են։