«Գործակալների ռեեստր»-ում գրանցվելու համար դիմել է 233 կազմակերպություն

«Ռուսական օրենք»-ի շրջանակներում «օտար պետության շահերը կրող կազմակերպությունների ռեեստրում» («գործակալների ռեեստր») գրանցվելու համար նախարարություն է դիմել 233 կազմակերպություն, տեղեկացրել է Վրաստանի արդարադատության փոխնախարար Թամար Տկղեշելաշվիլին։

Այս մասին նա հայտարարել է այսօր՝ օգոստոսի 30-ին, Սահմանադրական դատարանում, որտեղ քննարկվում է սահմանադրական հայցն ընդդեմ «ռուսական օրենք»-ի։

«Մինչ այդ, Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունում գրանցվելու համար դիմել է 233 կազմակերպություն։ Դեռ ժամանակ կա (մինչև սեպտեմբերի 2-ը-հեղ.)»,- ասել է  Տկղեշելաշվիլին։

Հանրային ռեգիստրի ազգային գործակալության նախագահ Դավիթ Դևիձեն նշել է, որ այսօրվա դրությամբ Վրաստանում գրանցված է 31 հազար 233 ոչ ձեռնարկատիրական իրավաբանական անձ կամ հասարակական կազմակերպություն, որոնցից 564-ը պետական ​​են գրանցված, իսկ 733-ը՝ հավանաբար մարզական ֆեդերացիաներ են։ «Ռուսական օրենք»-ը չի տարածվում պետության կողմից ստեղծված կազմակերպությունների և ֆեդերացիաների վրա:

Ըստ այդմ, պարզվում է, որ մինչ այժմ կազմակերպությունների մոտավորապես 0,77 տոկոսը դիմել է «օտար պետության շահերը կրող» կազմակերպությունների ռեեստրում գրանցման համար։