Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի ստորագրությունից հետո «Օրենսդրական տեղեկագիր» (matsne.gov.ge) կայքում հրապարակվել է «գործակալների օրենքը»։ Վրաստանի օրենսդրության համաձայն՝ դա անհրաժեշտ ընթացակարգ է օրենքին իրավական կարգավիճակ տալու համար։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը «Օրենսդրական տեղեկագրում» հրապարակվել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի ստորագրությամբ։
Այսօր՝ հունիսի 3-ին, պարզ դարձավ, որ խորհրդարանի կողմից «գործակալների օրենքին» Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դրած վետոն հաղթահարելուց հետո, երբ օրենքը կրկին Զուրաբիշվիլիի ստորագրությունն էր պահանջում, նախագահը չի ստորագրել: Ընթացակարգի համաձայն, խորհրդարանի նախագահը փաստաթուղթը կարող է ստորագրել Զուրաբիշվիլիի չստորագրումից հետո:
Չնայած այն հանգամանքին, որ հազարավոր մարդիկ բողոքում են օրենքի նախագծի ընդունման դեմ, իսկ Վրաստանի գործընկեր երկրները դա համարում են եվրաինտեգրմանը խոչընդոտող գործոն, խորհրդարանի նախագահն այս օրենքն անվանել է «ամենավրացական օրենք»։
«Ո՛չ ռուսական օրենքին» կարգախոսով տասնյակ հազարավոր քաղաքացիներ Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում գրեթե երկու ամիս շարունակ բողոքում էին օրենքի դեմ։ Բողոքի ակցիան շարունակվում է: Օրենքի թիրախում գտնվող կազմակերպությունները մտադիր չեն ենթարկվել օրենքին և դիմելու են բողոքի օրինական միջոցների։