«Գործակալների օրենքի» վետոն հաղթահարվեց. ինչ կլինի հետո

Մայիսի 28-ին խորհրդարանը հաղթահարեց նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն և իշխող «Վրացական երազանք» կուսակցության 84 պատգամավորների աջակցությամբ ընդունեց «գործակալների մասին» օրենքը։ «Ալիք Մեդիա»-ն ներկայացնում է՝ ինչպես կզարգանան իրադարձությունները:

Օրենքը 3 օրվա ընթացքում կրկին կներկայացվի Զուրաբիշվիլիի ստորագրմանը։ Ակնհայտ է, որ օրենքի վրա վետո դրած Զուրաբիշվիլին չի ստորագրի այն։ Նախագահի կողմից օրենքը վերադարձնելուց հինգ օրվա ընթացքում՝ այն կարող է հաստատվել և հրապարակվել խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի ստորագրությամբ։

Օրենքի հրապարակումից հետո արդարադատության նախարարությունը և Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը 60 օր կունենան «օտարերկրյա տերության շահեր կրող կազմակերպությունների» ռեեստր ստեղծելու համար։ Երբ այս փուլն ավարտվի, «օտարերկրյա գործակալների» ռեեստրում գրանցումը պարտադիր կդառնա հասարակական կազմակերպությունների և առցանց լրատվամիջոցների զգալի մասի համար։

Եթե ​​կազմակերպությունը գտնում է, որ համապատասխանում է «օտար տերության շահերը կրող կազմակերպության» «չափանիշներին», ապա օրենքի հրապարակման օրվան հաջորդող 60-րդ օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում, պարտավոր է գրավոր  հայտարարություն ներկայացնել Արդարադատության տուն և խնդրել գրանցվել որպես «օտար տերության շահերը կրող կազմակերպություն»։ Երկու աշխատանքային օրից կազմակերպությունը հասանելիություն կունենա համապատասխան կայք։ Կայքում հասանելիությունից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպությունը պարտավոր է էլեկտրոնային եղանակով հայտ լրացնել:

Կազմակերպությունը էլեկտրոնային եղանակով հայտ է լրացնում՝ իրեն որպես «օտար տերության շահերը կրող կազմակերպություն» գրանցելու համար։ Միաժամանակ գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել կազմակերպության ֆինանսական հայտարարագիրը: Այն պետք է պարունակի.

  • նույնականացման տվյալներ,
  • հասցե,
  • կայքի հասցե,
  • տեղեկություններ նախորդ տարում ստացված դրամական և գույքային եկամուտների մասին: Պետք է բացատրեն նյութական ունեցվածքի աղբյուրը, չափը և նպատակը:
  • նախորդ տարում ծախսված գումարի չափի և նպատակի մասին տեղեկություններ:

Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը 30 աշխատանքային օր կունենա՝ ստուգելու, թե արդյո՞ք հայտը «ճիշտ և ամբողջությամբ է լրացված» և գրանցելու դրա հեղինակին «օտար տերության շահերը կրող կազմակերպությունների» ռեեստրում։ Այս տեղեկությունը հանրային է։

Դիմումն ուսումնասիրելու համար Արդարադատության նախարարության ներկայացուցիչն իրավունք ունի փնտրել կազմակերպության հետ առնչվող անձանց վերաբերյալ հատուկ կատեգորիայի տվյալներ, այդ թվում.

  • քաղաքական կարծիք,
  • էթնիկ պատկանելություն,
  • կրոնական համոզմունքներ,
  • առողջություն,
  • գենետիկական տվյալներ, որոնք մշակվում են ֆիզիկական անձի եզակի նույնականացման համար,
  • սեռական կյանք:

Ֆիզիկական անձինք պարտավոր են անհապաղ ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը։ Տվյալները չներկայացնելու դեպքում, այդ թվում՝ ֆիզիկական անձինք, կտուգանվեն 5 000 լարիով։ Մեկ ամսվա ընթացքում այս տուգանքը կարող է գանձվել մի քանի անգամ, քանի որ օրենքով սահմանափակում չկա։

Եթե կազմակերպությունը չգրանցվի որպես «գործակալ», պետությունը նրան կտուգանի 25 հազար լարիով և կգրանցի «գործակալների ռեեստրում»։ Դրանից հետո կազմակերպությունից կպահանջվի վերբեռնել ֆինանսական հայտարարագիրը։ Եթե ​​կազմակերպությունը խախտի այս պահանջը, կտուգանվի ևս 10 հազար լարիով։

Պետությունը հաջորդ ամիս նորից կստուգի կազմակերպությունը, և, եթե նորից հայտնաբերի կազմակերպության «անհնազանդությունը», ապա կտուգանի 20 հազար լարիով։ Պետությունը յուրաքանչյուր նոր ամիս կարող է տուգանել կազմակերպությանը 20 հազար լարիով։

Եթե կազմակերպությունը չի գրանցվում ռեեստրում, ապա օրենքում կա կետ, որով յուրաքանչյուր անձ կարող է պետությանը գրավոր հայտնել «օտարերկրյա գործակալ կազմակերպության» առկայության մասին։ Տվյալ դեպքում «օտարերկրյա գործակալներին» բացահայտելու համար արդարադատության նախարարության լիազորված անձը իրավունք ունի ցանկացած պահի միայնակ հետաքննություն սկսել։ Նույնը կարող է անել առանց որևէ մեկի հայտարարության։