«Գործակալների օրենքի» դեմ հայցեր ՍԴ-ում. ինչ պետք է իմանալ

Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ «Վրացական երազանքի» վերջին բոլոր գործողությունները, որոնք, փաստացի, սաբոտաժ են Վրաստանի եվրոպական կուրսի նկատմամբ, Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածի ուղղակի և բացահայտ խախտումներ են, հետևաբար՝ բոլոր քաղաքական ուժերի և պետական ​​ծառայողների պարտավորությունն է՝ պաշտպանել Վրաստանի Սահմանադրությունը և իրականացնել վրաց ժողովրդի կամքը` ինտեգրվել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին։

Ըստ Մելաշվիլիի՝ Վրաստանում դատական ​​համակարգի խնդիրների մասին շատ երկար ժամանակ խոսում են բոլորը։ Նրա խոսքով, պետք չէ պատրանքներ ունենալ, թե ՍԴ-ն արդարացի և իրավաբանորեն հիմնավորված որոշում կկայացնի. դա տեղի չի ունենում ոչ Վրաստանում, ոչ էլ Վրաստանից դուրս։

Նրա կարծիքով` անհրաժեշտ է նաև, որ հասարակությունը շատ հստակ տեսնի «Վրացական երազանքի» իշխանության բոլոր ցնցումները, «ռուսական օրենքի» ընդունման և Վրաստանի եվրաինտեգրման կասեցման հետ կապված քաղաքական պատասխանատվությունը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագահի հայցը շատ կարևոր դեր ունի վերջապես ցույց տալու համար, թե որքան է ուժեղ «Վրացական երազանքի» քաղաքական ճնշումը դատարանի վրա, որքանով է դատարանը կախված քաղաքական գործոններից, և մյուս կողմից՝ ևս մեկ անգամ ցույց տալու համար ողջ հասարակությանը, որ և՛ նախագահը, և՛ քաղաքացիական հասարակությունն անում են ամեն ինչ, որպեսզի Վրաստանը վերադառնա եվրաինտեգրման ուղի, որպեսզի վերջնականապես չեղարկվի «ռուսական օրենքը», և ի վերջո մենք ունենանք նորմալ, ժամանակակից և եվրոպական պետություն»,- ասաց Մելաշվիլին:

Սահմանադրական դատարանը գրանցել է Վրաստանի նախագահի հուլիսի 15-ին ներկայացրած հայցը, որով վերջինս պահանջում է չեղարկել «գործակալների օրենքը»։

Ի դեպ, նախագահը երբեք չի դիմել Սահմանադրական դատարան: Այս գործը նախադեպային է նաև մեկ այլ պատճառով. ՍԴ դատավորները երբեք դատավարություն չեն անցկացրել Սահմանադրության 78-րդ հոդվածով։ Այս հոդվածի համաձայն՝ սահմանադրական մարմինները «պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները՝ ապահովելու համար Վրաստանի լիարժեք ինտեգրումը Եվրամիությանը և Հյուսիսատլանտյան դաշինքին»։

ՍԴ-ում հայց են ներկայացրել նաև հասարակական և լրատվական կազմակերպությունները։ Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները ևս դիմել են դատարան։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պատասխանել է նախագահ Զուրաբիշվիլիի կողմից Սահմանադրական դատարան ներկայացրած «գործակալների օրենքին» առնչվող հայցին։ Նրա գնահատմամբ՝ հայցն անհեռանկարային է:

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հայտարարել է, որ նախատեսում է մասնակցել ՍԴ-ում «գործակալների օրենքի» վերանայման գործընթացին:

Ընդգծենք. չնայած միջազգային գործընկերների կոչերին, մայիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը հաղթահարեց նախագահի վետոն «գործակալների օրենքի» վերաբերյալ։ Սույն օրենքն օտարերկրյա ազդեցության շահերի կրողներ է հռչակում բոլոր այն հասարակական և լրատվական կազմակերպություններին, որոնք ֆինանսավորում են ստանում երկրի ռազմավարական գործընկերներից։ Որոշ հասարակական և լրատվական կազմակերպություններ ասում են, որ իրենք չեն գրանցվի զրպարտության գրանցամատյանում և կօգտագործեն բոլոր օրինական լծակները։

Հիշեցնենք. ավելի վաղ Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է՝ «գործակալների օրենքի» ընդունման պատճառով Եվրամիությունը սառեցրել է Վրաստանի համար նախատեսված 30 միլիոն եվրոյի օգնությունը, որը պետք է փոխանցեր EPF-ից:

Ամերիկայի Միացյալ Նահանգները անորոշ ժամանակով հետաձգել է Վրաստանի հետ նախատեսված «Արժանի գործընկեր» (Noble Partner) զորավարժությունները։ Ըստ Վաշինգտոնի` պատճառը Վրաստանի հետ հարաբերությունների քաղաքականության վերանայումն է։