Վրացի պաշտոնյաների պնդումները, թե «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը Վրաստանին մոտեցնում է ԵՄ-ին, ապատեղեկատվություն է, Լյուքսեմբուրգում անցկացված Արտաքին հարաբերությունների խորհրդի (FAC) ավարտից հետո հայտարարել է ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Ըստ Բորելի՝ «ցավալի է Վրաստանի բարձրագույն պաշտոնյաներից ապատեղեկատվություն լսելը Եվրամիության և նրա արժեքների մասին:
«Այս օրենքը և դրա շուրջ զարգացած բոլոր բացասական իրադարձությունները Վրաստանին հեռացնում են Եվրամիությունից։ Դրանից ավելի պարզ ու լակոնիկ չեմ կարող ասել։ Օրենքը հեռացնում է Վրաստանին Եվրամիությունից»,- ասել է արտաքին քաղաքականության հարցերով ԵՄ բարձրագույն ներկայացուցիչը։
Նրա հայտարարության համաձայն, այս դիրքորոշմանը համամիտ են Եվրամիության 27 անդամ երկրներից 26-ը, թեև «քաղաքական գնահատական տալու համար կոնսենսուս անհրաժեշտ չէ»։
Ուշագրավ է ,որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մայիսի 28-ին ասել էր. «Եթե Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հնարավորությունը զրոյական էր մինչև օրինագծի նախաձեռնումը, ապա օրենքի ընդունումից հետո այդ հնարավորությունը մեծացել է»։
Նշենք նաև, որ երկուշաբթի օրը՝ հունիսի 24-ին, FAC-ում ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները և Եվրամիության հնարավոր պատասխան քայլերը։