«Այո՝ Եվրոպային, ոչ՝ ռուսական օրենքին». այս կարգախոսի ներքո ավելի քան 400 լրատվամիջոցներ, դրանց թվում` նաև «Ալիք Մեդիա»-ն, և հասարակական կազմակերպություններ (ՀԿ) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Նրանք կարծում են, որ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքն ուղղված է Վրաստանի եվրոպական ապագայի դեմ։
«Մենք՝ վրացական ԶԼՄ-ները և հասարակական կազմակերպությունները, կտրականապես դեմ ենք իշխանությունների վերականգնած ռուսական օրենքին։ «Վրացական երազանքի» սեփական խոսքի դրժումը և մարդկանց խաբելն ուղղված են ոչ միայն վրացական լրատվամիջոցների և վրացական հասարակական կազմակերպությունների, այլև յուրաքանչյուր քաղաքացու և Վրաստանի եվրոպական ապագայի դեմ»,- նշված է հայտարարության մեջ։
Նրանք պնդում են՝ վրացական ոչ կառավարական կազմակերպություններն օգնում են մարդկանց. «Ռուսական այս օրենքի ընդունումը խոցելի կդարձնի բռնության զոհ դարձած երեխաներին և կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, գիտնականների, աշխատողների և երիտասարդների: Դա կարգելակի օգնությունը սոցիալապես անապահով ընտանիքներին, ֆերմերներին, տեղահանվածներին, անօթևաններին և իրենց իրավունքների համար պայքարող խիզախ մարդկանց»:
Հայտարարության համաձայն, իշխանությունը ցանկանում է, որ անտեսվեն մարզերում ապրող մարդկանց ձայնը, որոնք տեղական անկախ լրատվամիջոցների միջոցով հանրությանը տեղեկացնում են իրենց ծանր վիճակի մասին:
«Այս օրենքը և այս շաբաթ ներդրված թշնամական օրենքները նպատակ ունեն պառակտելու բնակչությանը, վնասելու երկրի եվրոպական ապագային և վերացնելու խոսքի ազատությունը։ Սա կառավարության պատասխանն է բռնության, կոռուպցիայի, անօրինականության և ընտրովի օրենքի հարյուրավոր փաստերին, որոնք վրացական հասարակական կազմակերպությունները և անկախ լրատվամիջոցները բացահայտում և հրապարակում են։
Եվրամիության, ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՄՆ-ի և այլ միջազգային գործընկերների ներկայացուցիչները հայտարարեցին ռուսական օրենքի ավտորիտար բնույթի և ժողովրդավարության հետ անհամատեղելիության մասին, իսկ անցյալ տարի օրենքի հետկանչից հետո բացահայտ շնորհավորեցին վրաց ժողովրդին՝ իր մեծ հաղթանակի համար»,- գրել են կազմակերպությունները։
Հայտարարությունը ստորագրողների կարծիքով, օրինագծի ընդունումը հարձակում կլինի վրացական հիմնական արժեքների վրա։
Ստորագրող ԶԼՄ-ների և ՀԿ-ների ցանկը՝ այստեղ:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ապրիլի 3-ին հայտարարեց, որ մտադիր է ընդունել «գործակալների մասին» օրենքը, որը հայտնի է նաև «ռուսական օրենք» անվամբ: «Վրացական երազանք» կուսակցությունը Վրաստանի խորհրդարանում արդեն գրանցել է «նոր նախաձեռնություն», որը կոչվում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծ։ Դեռ հայտնի չէ, թե երբ կսկսվեն հանձնաժողովի քննարկումները։ «Վրացական երազանք»-ի հետ առնչություն ունեցող էջերում հրապարակված գրառումները, որոնցում «գործակալների օրենքը» ներկայացվում էր դրական լույսի ներքո և կառավարության փաստարկները, թե «ինչու օրենքը ռուսական չէ», Facebook-ում նշվում է որպես կեղծ տեղեկատվություն։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աջակցում է իր քաղաքական թիմի նախաձեռնությունը, չնայած այն բանին, որ նրանք 2023-ին հայտարարել էին, որ այս օրինագիծն այլևս չի քննարկվի:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «գործակալների օրենքը» անվանել է «ռուսական օրենք»՝ ի հեճուկս իշխող թիմի պնդումների, և մեղադրել է «Վրացական երազանքի» կառավարությանը ռուսական ուղղությանը հետևելու համար։
Ընդդիմությունը, երկրի քաղհասարակությունն արդեն մոբիլիզացիա են հայտարարել ընդդեմ օրինագծի շրջանառության։ Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները՝ որպես իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից կրկին խորհրդարան ներկայացրած «ռուսական օրենքի» հակակշիռ, գրանցել են «Օկուպանտ պետության՝ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունից պաշտպանվելու մասին» օրենքի նախագիծը։
Վրաստանի մյուս միջազգային գործընկերները՝ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն և մյուսներն արձագանքել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ օրակարգ վերադարձրած «գործակալների մասին» օրինագծին:
Իշխանությունը, «ռուսական օրենքը» օրակարգ վերադարձնելով, հավանաբար, փորձում է ընտրություններից առաջ հնարավորինս լարել իրավիճակը երկրում` խառնաշփոթից օգուտ քաղելու նպատակով. սրանով իսկ սաբոտաժի է ենթարկում Վրաստանի եվրոպական ուղին, կարծում են վրացի փորձագետները:
Նախընտրական բևեռացում ու եվրոպական ուղու սաբոտաժ. «ռուսական օրենքի» հետևանքերը