Վրաստանի քաղաքացի Դեա Էրեմաշվիլին անցյալ տարի համագործակցել է «Կոալիցիա անկախ կյանքի համար» հասարակական կազմակերպության հետ։ Այս տարի «գործակալների օրենք»-ի ընդունումից հետո նրա աշխատավարձի և բանկային հաշվի մասին տեղեկությունն առանց իր համաձայնության հրապարակվել է «գործակալների ռեեստր»-ում: Այս մասին տեղեկությունը Էրեմաշվիլին տարածել է ֆեյսբուքյան էջում:
Դեա Էրեմաշվիլին «գործակալների ռեեստր»-ում տեղի ունեցածի կապակցությամբ դիմել է Անձնական տվյալների պաշտպանության ծառայություն:
«Աշխատավարձը անձնական տվյալների հատուկ տեսակ է, այն չի կարող տրվել երրորդ անձի առանց համաձայնության», — Radiotavisupleba լրատվամիջոցին ասել է Դեա Էրեմաշվիլին:
Նրա խոսքով, չնայած հրապարակային խոստմանը, որ «գործակալների օրենք»-ը չի ազդի ֆիզիկական անձանց վրա, այնունամենայնիվ՝ նրա իրավունքները խախտվել են. «Ասում են՝ ֆիզիկական անձանց չի վերաբերում, ես չեմ գրանցվել «գործակալների ռեեստր»-ում, բայց ամեն դեպքում հայտնվեցի»։
Նշենք, որ «գործակալների օրենք»-ը դրսից դրամաշնորհներ ստացող կազմակերպություններին պարտավորեցնում է գրանցվել որպես «օտարերկրյա պետության շահերը կրող կազմակերպություններ»: Նրանք պարտավոր են բոլոր աշխատակիցների անձնական տվյալները տրամադրել արդարադատության նախարարությանը՝ առանց նրանց համաձայնության, իսկ հանրային ռեգիստրը այդ տվյալները հրապարակում է կայքում։
Հասարակական և լրատվական կազմակերպությունները, նախագահն ու ընդդիմադիր պատգամավորները օրենքը բողոքարկել են Սահմանադրական դատարան։ Հոկտեմբերի 4-ին կայացված որոշմամբ դատարանը վարույթ է ընդունել հայցը, սակայն չի դադարեցրել դրա գործունեությունը։