Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայիլ Ռոթը արձագանքել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից խորհրդարանում կրկին նախաձեռնած «գործակալների օրենքին»:
Ռոթը նշել է, որ օրենքն «անհամատեղելի է Եվրամիության անդամակցության հետ»: Ռոթի խոսքով, «անկախ, քննադատական քաղաքացիական հասարակությունը ոչ թե ժողովրդի թշնամին է, այլ Եվրամիությանն անդամակցելու պայման»։
««Վրացական երազանքը» պետք է լսի իր ժողովրդին. վրացիների 90 տոկոսը ցանկանում է միանալ Եվրամիությանը, ոչ թե Պուտինի Ռուսաստանին»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Ռոթը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ ապրիլի 12-ին Գերմանիա նախատեսված այցից առաջ:
Ապրիլի 9-ին Առաջին Հանրապետության հրապարակից մինչև Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում գտնվող Վրաստանի խորհրդարանի շենք «Ազատության երթ» անցկացվեց: Երկուշաբթի օրը՝ ապրիլի 15-ին, Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովի նիստին զուգահեռ, որի ընթացքում նախատեսված է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցումը, խորհրդարանի դիմաց ակցիա կանցկացվի։
Ապրիլի 8-ին Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստում քննարկվեց և պաշտոնապես գրանցվեց «գործակալների մասին» օրենքի նախագիծը: Քննարկումն ընթացավ իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմության միջև աղմուկի ու հակասությունների պայմաններում։
Այն մասին, որ իշխող ուժի նախաձեռնած օրինագիծը «ռուսական է» և ոչ՝ եվրոպական, կարդացեք «Օրինագիծը եվրոպական չէ. համեմատական վերլուծություն» հոդվածում:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ապրիլի 3-ին հայտարարեց, որ մտադիր է ընդունել «գործակալների մասին» օրենքը, որը հայտնի է նաև «ռուսական օրենք» անվամբ:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «գործակալների օրենքը» անվանել է «ռուսական օրենք»՝ ի հեճուկս իշխող թիմի պնդումների, և մեղադրել է «Վրացական երազանքի» կառավարությանը ռուսական ուղղությանը հետևելու համար։
Ընդդիմությունը, երկրի քաղհասարակությունն արդեն մոբիլիզացիա են հայտարարել ընդդեմ օրինագծի շրջանառության։ Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները՝ որպես իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից կրկին խորհրդարան ներկայացրած «ռուսական օրենքի» հակակշիռ, գրանցել են «Օկուպանտ պետության՝ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունից պաշտպանվելու մասին» օրենքի նախագիծը։
Վրաստանի մյուս միջազգային գործընկերները՝ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն և մյուսները, արձագանքել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ օրակարգ վերադարձրած «գործակալների մասին» օրինագծին:
Նախընտրական բևեռացում ու եվրոպական ուղու սաբոտաժ. «ռուսական օրենքի» հետևանքները