Վրաստանի հասարակական կազմակերպությունների կողմից «գործակալների մասին» օրենքի վերաբերյալ Եվրոպական դատարան բողոք ներկայացնելու մասին հայտարարությանն արձագանքել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքով` որպես «ռուսական օրենք» ներկայացվող օրինագիծը համապատասխանում է Ստրասբուրգի դատական պրակտիկային։
«Մինչ այս օրենքի նախագիծը նախաձեռնելը մենք ուսումնասիրել ենք Ստրասբուրգի պրակտիկան, և Վրաստանի խորհրդարանի ընդունած օրենքը լիովին համապատասխանում է դրան։ Ինչ վերաբերում է ռուսական և հունգարական օրենքներին, ապա դրանց վերաբերյալ Եվրադատարանում որոշում կայացնելու պատճառն այլ էր, և մենք նախաձեռնեցինք մեր օրինագիծը՝ հաշվի առնելով այս պրակտիկան»,- ասել է Կոբախիձեն։
Հիշեցնենք, որ ՀԿ-ները մայիսի 30-ին տեղի ունեցած համատեղ ճեպազրույցում հայտարարել են, որ կիրառելու են ներպետական և միջազգային մեխանիզմներ՝ արգելափակելու համար օրենքի կիրարկումը։ Կազմակերպությունները Վրաստանի Սահմանադրական դատարան ներկայացնելու համար հայց են նախապատրաստում։
ՀԿ-ները պնդել են՝ չեն ապրելու «ռուսական օրենքի» կանոններով և օգտագործելու են ներպետական և միջազգային բոլոր մեխանիզմները՝ խոչընդոտելու համար օրենքի գործունեությունը` մինչև անվերապահորեն չեղարկվի։