Վրաստանի արևմտամետ ընդդիմությունը չի ընդունում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքները՝ դրանք անվանելով «գողացված ընտրություններ»:
«Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության նախագահ Թինա Բոկուչավան ասել է, որ մեծ տարբերությամբ ընդդիմությունն է հաղթել. կոալիցիան «չի ճանաչում գողացված ընտրությունների արդյունքները»։
«ԿԸՀ-ն կատարեց Իվանիշվիլիի կեղտոտ հրամանը և հրապարակեց այն արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ օլիգարխը գողացել է վրաց ժողովրդի հաղթանակը և դրանով իսկ գողացել է եվրոպական ապագան։ Մենք հայտարարում ենք, որ չենք ընդունում գողացված և առևանգված ընտրությունների արդյունքները։ Մենք չենք պատրաստվում ճանաչել այս գողացված և առևանգված արդյունքը»,- ասել է Բոկուչավան:
«Կոալիցիա փոփոխությունների համար»-ը ևս չի ճանաչում ընտրությունների արդյունքները: Այս մասին ճեպազրույցում ասել է կոալիցիայի առաջնորդներից Նիկա Գվարամիան։
«Մենք չենք ճանաչում ընտրությունների արդյունքները, ընտրությունները գողացել են, Վրաստանում տեղի է ունեցել իշխանության յուրացում, սա սահմանադրական հեղաշրջում է, «Վրացական երազանք»-ը սահմանադրական հեղաշրջման հեղինակն է, և «Վրացական երազանք»-ն օրենսդրությամբ նախատեսված կարգով պետք է պատասխան տա սրա համար, սակայն, մինչ դա տեղի կունենա, «Վրացական երազանք»-ը պետք է ճանաչի ընդդիմության հաղթանակը»,- ասել է Գվարամիան:
«Վրաստանի համար» կուսակցության անդամներից Նաթիա Մեզվրիշվիլին ճեպազրույցում խոսել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ հայտնաբերված համակարգային խախտումների մասին։ Նրա խոսքով, հենց այդ խախտումներն են, որ հարցականներ են առաջացնում ընտրությունների արդյունքների վերաբերյալ։
Մեզրվիշվիլիի խոսքով, իրենք կսպասեն ԿԸՀ-ի վերջնական արդյունքների հրապարակմանը, իսկ մինչ այդ գիշերվա ընթացքում կաշխատեն այդ խախտումների մասին ապացույցները տրամադրել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային դիտորդներին։
«Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեն exit poll-ի հայտարարությունից հետո ասել է, որ Վրաստանում ավարտվել է Բիձինա Իվանիշվիլիի կլեպտոկրատական իշխանությունը, և վրաց հասարակությունը վերջ է տվել դրան։