Գլխավոր դատախազի տեղակալը հրաժարական է տվել

Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Նաթիա Մերեբաշվիլին հրաժարական է տվել: Հրաժարականի լուրը Radiotavisupleba լրատվամիջոցին հայտնել են Վրաստանի գլխավոր դատախազությունից:

Դատախազության մամուլի կենտրոնից հայտնել են՝ Մերեբաշվիլին իսկապես լքել է պաշտոնը, իր աշխատակիցներին հրաժեշտ է տվել Ամանորից առաջ։

«Ինչ վերաբերում է ԶԼՄ-ների կողմից տարածվող պատճառաբանություններին, ապա դրանք շահարկում են», — փոխանցել են դատախազությունից։

Հունվարի 5-ին TV Pirveli-ով, ապա նաև այլ լրատվամիջոցներով հաղորդվեց, որ Մերեբաշվիլին որպես իր հրաժարականի պատճառ նշել է «ռեժիմի հակաժողովրդավարական և ռեպրեսիվ քաղաքականությունը», իր աշխատակիցներին հրաժեշտ տալիս ասել է՝ «այս իրականության մեջ չի կարող շարունակել աշխատել»։

«Մթավարի արխի»-ի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան» ՀԿ-ի մարդու իրավունքների և արդարադատության ծրագրի մենեջեր Սանդրո Բարամիձեն ասել է՝ Մերեբաշվիլին տարբերվում էր «կոռումպացված դատախազության դատախազներից»:

Մերեբաշվիլին, ավելի ուշ անդրադառնալով հրաժարականին, ասել է՝ պաշտոնը լքելու իր որոշման շուրջ երկար է մտածել, դա կապված չէ Վրաստանում ընթացող զարգացումների հետ։

«Ես Վրաստանում չեմ։ Որոշ ժամանակ է, ինչ մտածում էի այս մասին, իսկ դեկտեմբերին հրաժարական տվեցի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից։ Իմ որոշումը կապված չէ ընթացիկ իրադարձությունների հետ։ Բոլորին խնդրում եմ զերծ մնալ տարբեր մեկնաբանություններից», — ասել է Մերեբաշվիլին։

Մերեբաշվիլին գերատեսչությունում աշխատում է վերջին 18 տարիներին։ Վերջին հինգ տարիներին նա գլխավոր դատախազի տեղակալն էր։