Glovo-ի առաքիչին վիրավորելու գործով դեռևս ձերբակալվածներ չկան

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տեղեկություններով՝ երկու օր առաջ՝ հունիսի 6-ին, Glovo ընկերության առաքիչին վիրավորելու գործով մինչ այժմ ձերբակալվածներ չկան։ Ըստ netgazeti լրատվամիջոցի՝ առաքիչին վիրավորած անձը մոտ 40 տարեկան տղամարդ է, ում ինքնությունն արդեն պարզվել է։ Սակայն ոստիկաններին դեռ չի հաջողվել նրան գտնել։

Վիրավոր առաքիչի զարմուհու՝ լրագրող Սալոմե Գոգոխիայի խոսքով, հետաքննությունն ունի բոլոր անհրաժեշտ ապացույցները, այդ թվում՝ Glovo-ի տրամադրած տվյալները հաճախորդի ինքնության և կոնտակտային տվյալների, ինչպես նաև այլ նույնականացման մասին։

Գոգոխիայի խոսքով՝ Խեչինաշվիլիի կլինիկան հրաժարվել է բուժել վիրավոր առաքիչին՝ պատճառաբանելով, որ հիվանդը հավանաբար՝ ոտքի մատի ամպուտացիայի կարիք ունի, իսկ իրենք համապատասխան մասնագետ չեն ունեցել։ Ի վերջո, վիրահատությունը կայացել է հենց այդ կլինիկայում: Նա այժմ վերականգնման փուլում է։

Ընտանիքը, հիմնվելով բժիշկներից ստացված տեղեկությունների վրա, ասել է, որ վերականգնումը կտևի 5-6 ամիս, իսկ մոտ երկու տարի անց կրկնակի վիրահատության կարիք կլինի:

Նշենք՝ նախաքննություն է տարվում Քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածով, որը նշանակում է դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառել։ Ոչ պաշտոնապես հաղորդվում է, որ առաքիչը վիրավորվել է օդաճնշական զենքից։ Սակայն վիրավորի մայրը՝ Էլենա Չոգովաձեն, կասկածում է այս վարկածին: Ընտանիքը կարծում է, որ գուցե այս վարկածի նպատակը հանրությանը մոլորեցնելն ու գործը թեթևացնելն էր։

Հիշեցնենք. դեպքը տեղի է ունեցել հունիսի 6-ին՝ Թբիլիսիի Նուցուբիձեի փողոցում: Առաքիչի մոր՝ Էլենա Չոգովաձեի խոսքով, դժգոհ հաճախորդները ծեծկռտուք են սկսել որդու հետ, որի ընթացքում նրանցից մեկը մի քանի անգամ կրակել է որդու վրա։