Global Finance միջազգային ֆինանսական հանդեսը Նաթիա Թուրնավային գնահատել է եվրոպական տարածաշրջանի կենտրոնական բանկերի ղեկավարներից ամենացածր միավորով։
Global Finance-ի խմբագիրները գնահատում են աշխարհի առաջատար կենտրոնական բանկիրներին՝ օգտագործելով լատինական այբուբենը A-ից F սանդղակով, ընդ որում` A+-ը ամենաբարձրն է, իսկ F-ը՝ ամենացածրը: Հանդեսը գնահատել է կենտրոնական բանկերի ղեկավարների գործունեությունը 2023 թվականի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
Գնաճի վերահսկումը, տնտեսական աճը և հարակից կարճ ու միջնաժամկետ նպատակները, արժութային կայունությունը և դրամավարկային քաղաքականությունը հիմնական չափանիշներն են, որոնց համաձայն` հանդեսը գնահատում է կենտրոնական բանկերի ղեկավարների աշխատանքը:
Ըստ այդ գնահատականների` վարկանիշի վերջին տեղում է Վրաստանի Ազգային բանկի նախագահի պաշտոնակատար Նաթիա Թուրնավան՝ D միավորով։ Համեմատության համար նշենք, որ Նաթիա Թուրնավային նախորդող Կոբա Գվենետաձեին Global Finance-ը տարիներ շարունակ` 2018-ից 2022 թվականներին, տվել է A- գնահատականը:
Հանդեսն ընդգծել է, որ նշված պաշտոնում Թուրնավայի նշանակումը տեղի է ունեցել քաղաքական հակասությունների ֆոնին, թեև «դա խնդիրներից ամենափոքրն է, քանի որ նա և Վրաստանի Ազգային բանկը ներգրավված էին ավելի բուռն քաղաքական կոնֆլիկտի մեջ»։
Մասնավորապես, Global Finance-ը գրել է, որ 2023 թվականի սեպտեմբերին Թուրնավայի կայացրած որոշումը հարցեր է առաջացրել։ Ազգային բանկը փոխել է պատժամիջոցների կիրառման կանոնակարգը 2023 թվականի աշնանը, երբ ԱՄՆ-ն պատժամիջոցների է ենթարկել Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեին։ Ըստ այս փոփոխության՝ պատժամիջոցների ռեժիմը կկիրառվի Վրաստանի քաղաքացու նկատմամբ այն դեպքում, երբ Վրաստանում մեղադրական դատավճիռ կայացվի կիրառված պատժամիջոցների վերաբերյալ։ Նույն սկզբունքով պատժամիջոցների ռեժիմը կկիրառվի այն իրավաբանական անձի նկատմամբ, որի բաժնեմասը պատկանում է պատժամիջոցների ենթարկված Վրաստանի քաղաքացուն։
Նշենք, որ հունիսին Fitch Ratings-ը նախազգուշացրել էր, որ Վրաստանի Ազգային բանկի անկախության հետ կապված ռիսկերը կարող են խաթարել քաղաքականության վստահելիությունը և թուլացնել Վրաստանի փոքր, բայցև դոլարիզացված տնտեսության արտաքին ցնցումներին արձագանքելու կարողությունը։
Ըստ Global Finance-ի՝ եվրոպական տարածաշրջանում վարկանիշի առաջատարները Դանիայի և Շվեյցարիայի կենտրոնական բանկերի մենեջերներն են։