Գիտության, կրթության և մշակույթի արհմիությունը տարածել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին հղված նամակը, որը ստորագրել են աշխարհի առաջատար համալսարանների 56 գիտնականներ։
Հնագետները, հնէաբանները, մարդաբանները և պահպանության ու թանգարանների մասնագետները Վրաստանի կառավարության ղեկավարին խնդրում են պաշտպանել իրենց վրացի գործընկերների արժանապատվությունը, աշխատանքի իրավունքը և ակադեմիական ազատությունը։
Խոսքը 2022 թվականի մայիսի 24-ին Ազգային թանգարանից ազատված տասնյակ աշխատակիցների մասին է։
«Վրաստանի ազգային թանգարանը և նրա հետազոտողները մեր գործընկերներն են, որոնց հետ սերտ համագործակցություն և բազմաթիվ ընդհանուր գաղափարներ ունենք: Մենք միասին պատրաստել և առաջարկել ենք մի շարք ուսումնասիրություններ համաշխարհային գիտական հանրությանը` որպես նոր գիտական գաղափարներ: Մեր համատեղ ուսումնասիրությունները կարևոր են ողջ աշխարհի համար, ուսանողների համար»,- ասված է նամակի մեջ:
Ընդգծված է նաև, որ Վրաստանի ազգային թանգարանի հետազոտողներից ոմանք երիտասարդ են ու խոստումնալից, ոմանք՝ այնքան փորձառու, որ նրանց գիտելիքներն ու փորձն անգնահատելի ու անփոխարինելի են վրացական մշակութային ժառանգության պաշտպանության գործում:
«Գիտնականներն Ազգային թանգարանի աշխատանքից ազատվել են առանց նախնական նախազգուշացման կամ բացատրության։
Սա հսկայական հարված է ազգային թանգարանին, որը կազդի թե՛ ընթացիկ հետազոտական, թե՛ ապագա միջազգային համագործակցության նախագծերի վրա, թե՛ վրացական մշակութային ժառանգության պաշտպանության վրա»,- գրել են գիտնականները և խնդրել վարչապետին` պաշտպանել իրենց գործընկերների իրավունքները: