«Գիրչի» կուսակցությունը Մթածմինդայի միջանկյալ ընտրություններին իրենց կուսակցության թեկնածուի աջակցության դիմաց ընտրողներին առաջարկում է կուսակցության կողմից ստեղծված էլեկտրոնային արժույթ: Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Զուրա Ջափարիձեն:
Ջափարիձեի խոսքերով, «Գիրչի»-ի համար նշանակալի է 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին գոնե մեկ անդամ ունենալ խորհրդարանում և դրա համար պատրաստ են Մթածմինդայի ընտրողներին առաջարկել իրենց էլեկտրոնային արժույթը, որը կոչվում է վրացական դոլար: Այս գումարը կարող են օգտագործել երկու նպատակներով.
«Առաջինն այն է, որ ստացված վրացական դոլարով ցանկացած քաղաքացին դառնում է «Գիրչի»-ի մի մասն ու կկարողանա մասնակցել կուսակցության քաղաքական որոշումների ընդունմանը, այդ թվում` 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին: Այդ գումարի օգտագործման երկրորդ միջոցը «Գիրչի»-ի կողմից ծրագրված պետական գույքի սեփականաշնորհման գործընթացում նշված գումարի օգտագործումն է», — հայտարարել է Ջափարիձեն:
Նրա խոսքերով, յուրաքանչյուր ձայնի դիմաց նրանք կտրամադրեն 50 ԱՄՆ դոլարին համարժեք GeD (վրացական դոլար/էլեկտրոնային արժույթ), որը ապագայում, ըստ նրանց, 50 000 վրացական դոլարին համարժեք կլինի: