2020 թվականի հոկտեմբերին կայանալիք ընտրություններին «Գիրչի» կուսակցությունը հանդես կգա 36 համարի ներքո: Այս մասին հայտարարում է կուսակցության մամուլի ծառայությունը:
«Գիրչի» կուսակցությունը նույն համարով էր մասնակցում նաև 2018 թվականի նախագահական ընտրություններին:
Կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի խոսքով՝ քանի որ ընտրողների հիշողության մեջ մնացել է 36-ը, որոշել են այն նույնը թողնել և մասնակցել 36 համարով:
«Գիրչի» կուսակցությունը 2018-ին հայտարարել էր, թե ինչու են որոշել 36 համարի ներքո հանդես գալ: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության 41 համարից հանել էին նախկին իշխանության «Միացյալ ազգային շարժում» կուսակցության 5 համարը և ստացել 36:
Այս տարի, նրանց խոսքով, ցանկացել են ընտրական համարը 36,6 գրանցել՝ նկատի ունենալով կորոնավիրուսի համաճարակը, սակայն օրենսդրությունը թույլ չի տվել: