Վրաստանում գործող ընդդիմադիր «Գիրչի-ավելի շատ ազատություն» կուսակցության անդամները բժշկական կանեփ են ցանել՝ այս կերպ արտահայտելով իրենց բողոքը երկրում դրա օրինական արգելքի հետ կապված։
Ըստ կուսակցության նախագահ Զուրաբ Ջափարիձեի, նպատակը CBD պարունակող արտադրանքը օրինական դարձնելն է: Այս առիթով «Գիրչին» նախատեսում է դիմել քաղաքային դատարան, ապա՝ սահմանադրական դատարան։
Կուսակցության անդամների խոսքով՝ նրանք գնել են բժշկական կանեփ, որն իրենց թույլ չեն տվել բերել Վրաստան։ Դատարանի միջոցով փորձելու են ձեռք բերել այս իրավունքը։ Նրանց հաղորդմամբ՝ աճեցնելուց հետո կանեփը կտեղափոխվի Սամխարաուլիի դատաբժշկական բյուրո՝ հաստատելու, որ այն չի պարունակում ծխելու համար անհրաժեշտ բաղադրիչներ և թմրամիջոց չէ։
CBD-ն կամ կանաբիդիոլը մարիխուանայի բաղադրիչներից մեկն է: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ CBD-ն ոչ կախվածություն է առաջացնում, ոչ էլ որևէ այլ վնասակար ազդեցություն ունի:
Փորձերի և ուսումնասիրությունների հիման վրա գիտնականները նաև պնդում են, որ CBD-ն կարող է օգտագործվել հոգեկան խանգարումների, անքնության, քրոնիկ ցավի և կախվածության բուժման ժամանակ: Սակայն, կանաբիդիոլը չի կարելի ընդունել առանց բժշկի նշանակման։
Նշենք, որ 2018 թվականին ընդունված օրենքի համաձայն կանեփն օրինական է դարձել ԱՄՆ-ում, հետևաբար այնտեղ օրինական է նաև CBD-ն: Կանաբիդիոլը օրինական է նաև ԵՄ-ի շատ երկրներում: Բժշկական կանեփի վերաբերյալ կանոնակարգերը պարբերաբար փոխվում են, և CBD-ից պատրաստված տարբեր ապրանքներ հայտնվում են շուկայում: