«Գիրչի». ամեն ինչ կուսակցության մասին

«Ալիք Մեդիա Վրաստան»-ը Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ներկայացնում է ընտրական սուբյեկտների՝ միավորումների և կուսակցությունների քաղաքական անցյալը, խոստումները, ցուցակները, առաջնորդների մասին տեղեկությունն ու քաղաքական ուժերի գաղափարախոսությունները:

«Գիրչի» կուսակցությունը հանդես կգա 36 համարի ներքո: Կուսակցությունն ունի հստակ գաղափարախոսություն, չի բացառում այլ ուժերի հետ միավորումը։

Ընտրություններին ընդառաջ կուսակցությունները կազմել են միավորումներ՝ միանալով նախագահի «Վրացական խարտիային»: «Գիրչի»-ն ընտրություններին մասնակցում է առանձին, խարտիային չի միացել «անհասկանալի կետերի առկայության» պատճառով: Հատկանշական է, որ «Գիրչին» այն հատուկենտ կուսակցություններից է, որ խոստանում են վերացնել քաղաքացիության վերականգնման քննությունները:

Կուսակցությունն առաջին անգամ չէ մասնակցում ընտրություններին, խորհրդարանում է հայտնվել 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Մինչ այդ, 2018-ին «Գիրչիի» այն ժամանակվա ղեկավար Զուրաբ Ջափարիձեն նախագահի թեկնածու էր, ստացել էր ձայների 2.25 տոկոսը։

«Գիրչիի» գաղափարախոսությունը

Նոր քաղաքական կենտրոն «Գիրչին» աջ-ազատական ​​կուսակցություն է, որի նպատակն է անհատի ​​ազատության որակի բարձրացումն ապակենտրոնացման, անկախ շուկայի, փոքր իշխանության, ցածր հարկերի և կարգավորումների չեղարկման միջոցով: Ավանդական աջակողմյան տնտեսական դիրքորոշումների հետ «Գիրչին» աջակցում է պարտադիր զորակոչի չեղարկմանը, թմրանյութերի ապաքրեականացմանն ու օրինականացմանը։

«Գիրչին» հասարակությանն առավել հայտնի դարձավ հենց վերոնշյալ դիրքորոշման, մասնավորապես մարիխուանայի օրինականացման համատեքստում։ 

Հատկանշական է՝ «Գիրչիի» 2016 թվականի դեկտեմբերի 31-ի ակցիան, երբ կամավորները լրատվամիջոցների առաջ կուսակցության գրասենյակում ցանեցին մարիխուանա։ Ջափարիձեի խոսքով, դա ուղղված էր խորհրդարանին ու կառավարությանը, որը կոշտ քաղաքականություն էր վարում թմրանյութերի հարցով, դրան հաջորդեց «Մարիխուանայի փառատոնը»։ 2018 թվականին սահմանադրական դատարանը բավարարեց «Գիրչիի» հայցը՝ օրինականացնելով մարիխուանայի օգտագործումը։

2019-2020 թվականներին «Գիրչին» ակտիվորեն համագործակցում էր ընդդիմության հետ, արդյունքում ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր՝ կապված դատարանի, ոստիկանության, դատախազության և այլ մարմինների հետ։

«Գիրչի» կուսակցության այլ ծրագրեր

Ծրագրերի մասին խոսելիս հարկ է անդրադառնալ կուսակցության Սահմանադրությանը, որը ընդգծում է «Գիրչիական» գաղափարախոսության հիմնային սկզբունքները՝ մարդու իրավունքները սեփական մարմնի նկատմամբ, կամքի ազատությունը և այլն։

Մյուս ծրագրերը վերաբերում են պարտադիր զորակոչի չեղարկմանը, նվազագույն աշխատավարձ նշանակելուն, զենք կրելու օրինականացմանը, հանրահայտ Շմaxi-ին, որն ուղղված էր տաքսիների պահանջարկի դեմ։

Հասարակական արձագանք ստացավ «Գիրչիի» հիմնած «Աստվածաշնչյան ազատություն- քրիստոնեական, բողոքական եկեղեցի» կազմակերպությունը, որտեղ երիտասարդներն անդամագրելով՝ կրոնական պատճառներով ազատվում են պարտադիր զինծառայությունից:

Գործունեության 4-րդ տարվա ընթացքում «Գիրչին» մասնատվեց

«Գիրչի»-ն 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին ստացավ ձայների 2.89 տոկոսը՝ դառնալով խորհրդարանական կուսակցություն։ Նշյալ ընտրություններն ընդդիմության մեծամասնությունը համարեց կեղծված՝ պահանջելով արտահերթ ընտրություններ, սկսվեց բոյկոտ, արդյունքում «Գիրչիի» ներսում առաջացան տարաձայնություններ։

2020 թվականի դեկտեմբերի 4-ին կուսակցության ղեկավար Զուրաբ Ջափարիձեն լքեց «Գիրչին», հանդես եկավ որպես նոր կուսակցության՝ «Գիրչի-ավելի շատ ազատություն» ուժի ղեկավար։ Նոր «Գիրչին» 2024 թվականին կայանալիք ընտրություններին կմասնակցի 4 համարի դաշինքում։

Ֆինանսավորումը

2018 թվականից «Գիրչի» կուսակցությունը վերափոխվել է մերիտոկրատիկ կարգի բաց ընկերության, ինչը ենթադրում է, որ կուսակցության ստացած նվիրատվությունը հայտնի և տեսանելի է հասարակությանը։ (Տեղեկությունը ֆինանսավորման մասին հասանելի է կուսակցության կայքում)։

Կուսակցությունը գործում է մասնավոր անձանց նվիրատվությունների և վերոնշյալ «աստվածաշնչյան ազատության» հաշվին: Յուրաքանչյուրը կարող է «Գիրչիի» կայքում ընտրել ցանկացած անդամի, նախագիծ կամ հենց կուսակցությանը՝ «Գիրչիին»՝ ֆինանսավորելու։

Ինչպես է կազմավորվում կազմակերպության ընտրական ցուցակը

«Ջեդ» (GeD) կոչված բաժնետոմսերով է կազմավորվում կուսակցության ընտրական ցուցակը։

 

 

 

 

«Ջեդ»-երի սեփականատերերն են որոշում, թե ով ցուցակի որ տեղում կլինի: «Ջեդ» ավտոմատ կերպով ստանում է այն օգտատերը, որը կուսակցությանը նվիրաբերում է ցանկացած չափի գումար։ Գումար նվիրաբերողը հատկացնում է կուսակցության անդամին, ամենաշատ «Ջեդ» հավաքած անդամներն ընդգրկվում են կուսակցության ընտրական ցուցակում։

Նման քաղաքականությունը բացատրում է «Գիրչիի» առաջարկը պարտադիր գենդերային քվոտաները վերացնելու վերաբերյալ, որին աջակցեց և ընդունեց իշխող «Վրացական երազանքը»:

Հիշեցնենք, որ Վրաստանում պարտադիր գենդերային քվոտաները գործում էին 2020 թվականից մինչև 2024 թվականը, ենթադրում էր կանանց 25 տոկոս քվոտավորում։ «Գիրչիի» քաղաքականությունը ենթադրում է, որ կուսակցության անդամներին պետք է ընտրի ժողովուրդը, այն ինչ քվոտավորումը արհեստականորեն է կազմավորում ընտրական ցուցակը։

Ինչ է խոստանում «Գիրչին». 2024-ի ընտրական ծրագիրը

  1. «Գիրչիի» նպատակն է պետական ​​սեփականություն հանդիսացող գույքը հավասարապես և անվճար բաշխել ժողովրդին։

Ժողովրդին պատկանում են միայն բնակարանները/տները և որոշակի հողամասեր, իսկ դպրոցների, համալսարանների մեծ մասը, անտառները և այլն պետության սեփականությունն են, որը գրեթե չի օգտագործվում։

Սա նրանք կոչում են «մեծ պրիվատիզացիա» կամ սեփականության վերադարձ քաղաքացիներին։

Ծրագիրը նախատեսում է 200-600 մլրդ դոլարի արժողության սեփականությունը տալ քաղաքացիներին, ինչն իր հերթին նշանակում է, որ քաղաքացին կարող է ունենալ 50-150 հազար դոլարի սեփականություն։

  1. Համընդհանուր հիմնական եկամուտ․ համակարգ է, երբ քաղաքացիները, անկախ եկամուտից, սոցիալական կարգավիճակից և տարիքից, կառավարությունից ստանում են ամսական հստակ գումար (ըստ տվյալ ծրագրի՝ 500 լարի)։ Փոխարենը կվերացվեն բոլոր սուբսիդիաները, սոցիալական աջակցության, կրթական և առողջապահական ծրագրերը, պարտադիր թոշակային համակարգը․ տնտեսված ողջ գումարը հավասարապես կբաշխվի քաղաքացիներին։ Ըստ կուսակցության՝ նման համակարգի ներդրումը կվերացնի աղքատությունը երկրում։

Սոցիալական օգնության չեղարկման, մասնավոր սեփականության բաշխման հետ մեկտեղ, ըստ կուսակցության, կլուծվի նաև աճող միգրացիայի խնդիրը, քանզի կյանքի մակարդակը կբարելավվի։ Կուսակցության անդամ Վախթանգ Մեգրելիշվիլին բերում է Շվեիցարիայի օրինակը։

  1. Բազմարժութային համակարգ․ գնաճի լուծման համար դոլարը, եվրոն և այլ արժույթները կհավասարվեն շրջանառության մեջ գտնվող ազգգայինին՝ լարիին։

«Գիրչին» ընդգծում է, որ եթե քաղաքացին չի վստահում լարին, ցանկանում է աշխատավարձ ստանալ դոլարով կամ վարկ  եվրոյով՝ պետք է ունենա դրա իրավունքը նաև լարիի արժեզրկման դեպքում հնարավոր կլինի անցնել այլ արժույթի։

  1. Թոշակային ֆոնդի գումարները վերադարձնել ժողովրդին և չեղարկել թոշակային վճարը (შენატანი)։

«Գիրչին» թոշակային ֆոնդը քաղաքացուն թալանելու գործիք է համարում՝ առաջարկելով ֆոնդի գումարները վերադարձնել ժողովրդին, իսկ թոշակային վճարը չեղարկել։

  1. Հարկային կրճատումներ․ այդ թվում ակցիզների, գույքի և ներմուծման հարկերի կրճատում։ Ըստ ծրագրի՝ ԱՄՆ-ից բաժանորդագրած իրերի համար 300 լարիի սահմանաչափը կչեղարկվի,  ծխախոտը, բենզինը, այլ վառելիքը կէժանանան, կչեղարկվի գույքահարկը։

Բացի այդ, քաղաքական կուսակցությունները չեն ֆինանսավորվի պետական բյուջեից։

  1. Ազգային բանկի ռեզերվի վերադարձ․ մեկ քաղաքացու համար 1 200 դոլար մեկ անգամ։ Սա ենթադրում է, որ ազգային բանկը պետք է դադարեցնի վարել արժութային գործողություններ։
  2. «Գիրչին» առաջարկում է սահմանափակել պետության դերը ժողովրդի կյանքում՝ օրինակ ժողովրդին բաշխել հողերը։ «Գիրչին» համարում է, որ պետությունը չպետք է պարտադրի տաքսի վարելու համար տեխզննում անցնել, վարորդական իրավունք ունենալ կամ համապատասխան լիցենզիա։

Ավելի սահմանափակ բյուրոկրատիա, որի տեսլականն է՝ «ավելի քիչ բյուրոկրատիա, սահմանափակ իշխանություն և ավելի շատ փող, ավելի շատ իրավունքներ ժողովրդի համար»։

Տվյալ խոստումը ենթադրում է նաև նախարարությունների և գործակալությունների չեղարկում։

  1. «Մեծ ամնիստիա»․ համաներումը պետք է տարածվի բոլոր բանտարկյալների ¼-ի վրա, ցմահ ազատազրկումը պետք է փոխարինվի 30 տարով, պայմանական պատիժը պետք է կրկնակի կրճատվի, վարչական տույժերը՝ ամբողջությամբ չեղարկվեն։

Ամնիստիայի հետ «Գիրչին» նախատեսում է դատական ռեֆորմ, որի համար առաջին ատյանի դատավորները պետք է ընտրվեն (არჩევითობა)՝ իրավասու լինելով ժողովրդի կողմից, ոչ թե իշխանության։ Ռեֆորմը ենթադրում է նաև երդվյալ դատավորների ինստիտուտի ընդարձակում։ Որպես արդյունք մեղադրյալը կկարողանա ընտրել թե որ դատարանը քննի գործը՝ ընտրված դատավորների, այսօր ընտրված դատավորների, թե երդվյալ դատավորների։

Դատական ռեֆորմից բխում է նաև քրեական օրենսգրքի բարեփոխումը, որը ենթադրում է քրեական օրենսգրքի հումանիզացիան։

  1. «Գիրչի» կուսակցությունը ոստիկանության աշխատակիցների ընտրության ջատագովն է․ մունիցիպալիտետի բնակիչները պետք է ընտրեն իրենց համայնքի ոստիկանության ղեկավարին։ Կազմակերպված հանցանքի դեմ շրջանային ոստիկանության իրավասությունից դուրս գործերի համար կստեղծվի «ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի» նման կենտրոնական քննչական ծառայություն։ Ոստիկանության ղեկավարներին ընտրելը մեկ այլ ծրագրի՝ ապակենտրոնացման (դեցենտրալիզացիայի) մի մասն է։
  2. «Գիրչիի» ծրագրով նախատեսված է բոլոր տեսակի թմրանյութերի ազատականացում։
  3. Ազատությունը կլինի նաև կրթության մեջ, քանզի կչեղարկվեն ազգային ծրագրերը․ դպրոցներն ինքնուրույն կվորոշեն ուսուցման ձևը, կչեղարկվեն ազգային քննությունները, բուհերը կվորոշեն, թե ինչ չափանիշներով ընդունեն ուսանողներին։
  4. Անվտանգության բյուջեն կավելանա ըստ ՆԱՏՕ-ի ստանդարտի։
  5. «Գիրչին» նախատեսում է նաև զենքի օրինականացում՝ դա համարելով մարդու հիմնային իրավունքի գխավոր գործոն։

Կուսակցության խոստումների/ծրագրի մեջ ընդգծված է, որ պետության մասնակցությունը (ჩარევა) կյանքի տարբեր ոլորտներում չպիտի լինի կամ լինի սահմանափակ, քանի որ պետության մասնակցությունը համարում են «բռնություն»։ Համաձայն են, որ պետությունը խառնվի միայն այն դեպքում, երբ բռնությունը հիմնավորված է։

«Գիրչի» կուսակցական ցուցակը՝

  1. Իագո Խվիչիա- քաղաքական գործիչ
  2. Սանդրո Ռաքվիաշվիլի — քաղաքական գործիչ
  3. Վախթանգ Մեգրելիշվիլի — քաղաքական գործիչ
  4. Հերման Սաբո — քաղաքական գործիչ
  5.   Գիորգի Ճաուճիձե- պատմաբան, 2019 թվականի Ուսուցչի ազգային մրցանակի մրցույթի հաղթող։ Նա տասնամյակներ շարունակ աշխատում է էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում։
  6. Լևան Ջգերենաիա- իրավաբան։ «Գիրչիից» ԿԸՀ անդամ
  7. Մալխազ Ճանիա — տնտեսագետ
  8. Էկա Օնիանի — իրավաբան, աշխատում է դատական ​​համակարգի ռեֆորմի ուղղությամբ միջազգային ծրագրերում
  9. Ուչա Բարբաքաձե — տնտեսագետ
  10.  Ռուսկա Աբուաշվիլի – խորհրդարանում լրատվամիջոցների հետ կապերի և գրասենյակի ղեկավար, «Աստվածաշնչյան ազատության» միջոցով օգնում է 18-ից 27 տարեկան երիտասարդներին խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից
  11. Նիկա Նադիրաձե- ճարտարապետ, ձեռնարկատեր «Գիրչի» թվային արժույթի (ջեդի) բորսայի հիմնադիր
  12. Զուրա Բուխնիկաշվիլի — IT մասնագետ, դասախոս
  13. Օթար Զակալաշվիլի — ծրագրավորող
  14. Լուկա Ցիսկարիշվիլի- երկրաֆիզիկոս
  15. Նոդար Սիրբիլաձե- տնտեսագետ, դասախոս
  16. Ավթո Լաբաձե — իրավաբան
  17. Աբեսալոմ Դաբախիշվիլի- պատմաբան, ռեժիսոր
  18. Բեքա Մուզաշվիլի — ֆինանսիստ, բիզնեսմեն
  19. Բեքա Զանդուկելի — Ծրագրաշարի ավագ ինժեներ «Գիրչի» պորտալի տեխնիկական ղեկավար
  20. Թոռնիկե Միթաիշվիլի- բիզնեսմենեջեր, ձեռնարկատեր
  21. Դավիթ Ծուրծումիա- իրավաբան, ձեռնարկատեր
  22. Նիկա Ցիցքիշվիլի — Բիզնեսի կառավարման մագիստրոս, մաթեմատիկայի և ծրագրավորման ուսուցիչ
  23. Նինո Ջաղմաիձե — տնտեսագետ
  24. Ավթանդիլ Չխետիա — բժիշկ, ինժեներ
  25. Վլադիմիր Գիգոլաշվիլի — մաթեմատիկոս, ծրագրավորող

Հիշեցնենք, որ «Գիրչին» 2015 թվականին հիմնադրել են Պալիկո Կուբլաշվիլին, Զուրաբ Ջափարիձեն, Գոգա Խաչիձեն և Գոգի Մելաձեն՝ լքելով «Միասնական ազգային շարժումը։ Որպես քաղաքական կուսակցություն այն գրանցվել է 2016-ին։

Հեղինակ՝
Մարիաննա Մանուկյան