Gipa Media Lab-ի լուսանկարչության դասընթացի փակումն ու մրցանակաբաշխությունը

Ախալքալաքում տեղի ունեցավ Gipa Media Lab նախագծի լուսանկարչության դասընթացի փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը։ Շուրջ երկու ամիս տևած դասընթացը, որը նախատեսված էր Սամցխե-Ջավախեթիի և Քվեմո Քարթլիի մարզերում բնակվող երիտասարդների համար, բաղկացած էր մուլտիմեդիա պատմության, լուսանկարչության և ֆիլմարտադրության փուլերից։

 

Սամցխե-Ջավախեթիի մասնակիցներն իրենց աշխատանքները ներկայացրին ժյուրիին․ հաջողված պատմությունների հեղինակները պարգևատրվեցին լիցքավորիչներով, պլանշետով, հեռախոսով և ականջակալներով։

Լավագույն ֆոտոպատմություն անվանակարգում հաղթող է ճանաչվել «Ալիք մեդիայի» լուսանկարիչ, օպերատոր Արտյոմ Քոսյանը. նա պարգևատրվել է հեռախոսով։

Gipa media lab ծրագրի նպատակն է ինտեգրել էթնիկ համայնքները Վրաստանի հասարակական կյանքին՝ երիտասարդ բնակչության շրջանում մուլտիմեդիա հմտությունները զարգացնելու միջոցով:

Gipa-ն՝ Վրաստանի հանրային կապերի ինստիտուտը, որն իրականացնում է վերոնշյալ ծրագիրը, ստեղծվել է 1994 թվականին Թբիլիսիում։ Համալսարանն առաջարկում է մագիստրոսական, բակալավրիատի ծրագրեր և վերապատրաստման դասընթացներ՝ հանրային կապերի, տեղական ինքնակառավարման, լրագրության, միջազգային հարաբերությունների և իրավունքի ոլորտներում, ինչպես նաև գործում է սոցիալական գիտությունների ասպիրանտուրայի ծրագիր: