Գիորգի Թումասյանի դեմ 2 դատական գործ է հարուցվել

«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանը հայտարարել է, որ ինքը մեղադրվում է օրենքը խախտելու համար, և իր դեմ դատական գործ է հարուցվել։

«Ինձ զանգեցին դատարանից, ու պարզվեց, որ ինձ մեղադրում են օրենքը խախտելու համար՝ վարչական 174 հոդվածի 4-րդ մասով (5000 լարի տուգանք կամ մինչև 15 օր վարչական կալանք), հունվարի 9-ին խորհրդարանի դիմացի ճանապարհն արհեստականորեն փակելու համար։ Դատական ​​նիստը նշանակված է մարտի 12-ին, ժամը 16:00-ին, դատավարությունը կգլխավորի պատժամիջոցների ենթարկված դատավոր Զվիադ Ցեկվավան», — նշում է Թումասյանը։

Ավելի ուշ Թումասյանը գրառում է կատարել ֆեյսբության էջում, ըստ որի հայտնի է դարձել, որ նրա դեմ հարուցվել է երկրորդ դատական գործը` կրկին խորհրդարան տանող ճանապարհը փակելու համար։

Թումասյանն ընդգծել է, որ սա իրեն վախեցնելու և ճնշելու փորձ է` հայրենիքի շահերը պաշտպանելու համար։

«Իմ դեմ երկրորդ գործն է հարուցվել՝ կրկին վարչական օրենսգրքի 174 հոդվածի 4-րդ մասով` դեպի խորհրդարան տանող ճանապարհը փակելու համար, այս անգամ հունվարի 8-ին (առաջինը վերաբերում է հունվարի 9-ին)։ Դատական ​​նիստը նշանակված է հունվարի 23-ին, ժամը 12:00-ին, պատժամիջոցի ենթարկված դատավոր Լելա Միլդենբերգերի դատավարությամբ», — գրել է Թումասյանը։

Թումասյանը գրառման մեջ հիշատակում է նաև իր տուն ներխուժել փորձած անհայտ անձի մասին` ընդգծելով, որ դեռևս ոչինչ հայտնի չէ, նրան ո’չ փնտրում են, ո’չ մեղադրում օրենքը խախտելու համար։

Հիշեցնենք, որ սեփական դիմումի հիման վրա համայնքային հարթակի նախագահը կանչվել էր Հատուկ քննչական ծառայություն։

Այն բանից հետո, երբ իր տան շեմին անհայտ անձ է հայտնվել, որն անընդհատ հնչեցրել է դռան զանգը, հայհոյել և փորձել ներս մտնել, Թումասյանը զանգահարել է ոստիկանություն, բայց չի կարողացել կապ հաստատել։

Իսկ արդեն որոշ ժամանակ անց իրավապահ մարմինները զանգահարել են նրան՝ առաջարկելով ներկայանալ հարցաքննության:

Գիորգի Թումասյանը կանչվել է հարցաքննության