«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ նշել է, որ սեփական դիմումի հիման վրա կանչվել է Հատուկ քննչական ծառայություն։
Թումասյանը պարզաբանել է, որ երկու օր առաջ ժամը 22:30-ից 22:50-ն ընկած ժամանակահատվածում իր տան մոտակայքում անհայտ անձ է եղել, որն անընդհատ հնչեցրել է դռան զանգը, հայհոյել և փորձել ներս մտնել։
««Քիչ հետո ցույց կտամ, թե ով ես դու» ասելով հայհոյեց և հեռացավ։ Դիմեցի ոստիկանություն՝ սպասելով պատասխանի»,- գրել է Թումասյանը:
Ըստ Թումասյանի՝ ինքը զանգահարել է ոստիկանություն, բայց հետադարձ զանգ չի եղել.
«Ոստիկանությունը չի եկել, ոչ էլ ինձ հետ է կապվել։ Ոչ մի արձագանք, ոչ մի քայլ քաղաքացիների ապահովության իրենց սահմանադրական պարտավորությունը կատարելու ուղղությամբ»:
Իսկ արդեն այսօր իրավապահ մարմինները զանգահարել են նրան՝ առաջարկելով գնալ հարցաքննության:
«36 ժամ անց իրավապահ մարմինների աշխատակիցը կապվեց ինձ հետ և առաջարկեց գնալ հարցաքննության։ Հարցրի, թե ինչո՞ւ ոստիկանությունը չի եկել կամ չի դիմել ինձ 36 ժամվա ընթացքում, պատասխանեց, թե պետք է որ եկած լինեին, բայց չգիտի, թե ինչու չեն եկել։ Ես նրան ասացի, որ սա ակնհայտ օրենքի խախտում է»,- նշել է Թումասյանը:
«Ալիք Մեդիա Վրաստան»-ը կապ հաստատեց Թումասյանի հետ, իմանալու՝ թե ինչ է պատրաստվում անել և ինչի հետ է կապում տեղի ունեցածը:
«Պատրաստվում եմ իմ իսկ դիմումի հիման վրա ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն: Դեպքը կապում եմ իմ հանրային գործունեության հետ»,— ասաց Թումասյանը: Նա նաև նշեց, որ կասկածները կապված են օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում կատարած հրապարակման հետ: Հրապարակմանը ծանոթանալու համար սեղմեք այստեղ: