Վրաստանի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Դավիթ Զալկալիանիի հայտարարությամբ, վարչապետ Գիորգի Գախարիան չի պատրաստվում լքել պաշտոնը: Կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս Զալկալիանին նշեց, որ վարչապետի հրաժարականի մասին տարածված տեղեկություններն այնքան աբսուրդային են, որ դրանք չի կարող մեկնաբանալ:
«Գիորգի Գախարիան ղեկավարում է Վրաստանի կառավարությունը, նա շատ լուրջ և արժանի պետական գործիչ է, քաղաքական գործիչ, ով բազմաթիվ կարևոր բարեփոխումներ է իրականացնում մեր երկրի համար: Այժմ մեր երկիրը կանգնած է մարտահրավերների առաջ և հենց հիմա է անհրաժեշտ միասնություն և մեր թիմը միասնական է` ավելի քան երբևէ»,- վստահեցրել է Զալկալիանին:
Հիշեցնենք, որ վերջին օրերին վրացական մի շարք լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածում Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի` պաշտոնից հեռանալու մասին: Հրաժարականի մասին լուրերը կապված են վարչապետի կողմից իշխող կուսակցության վերջին երկու քաղխորհրդի նիստերին բացակության և «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ հնարավոր տարաձայնությունների հետ: