Վրաստանի Գորիի մունիցիպալիտետի Էրգնեթի գյուղում կայացած Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի (IPRM) 118-րդ հանդիպումից հետո վրացական կողմը պնդում է, որ ռուս զինվորների կողմից սպանված Թամազ Գինտուրիի մահվան վերաբերյալ օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները ցինիկ դիրքորոշում են արտահայտել։
«Այդ դիրքորոշումը չափազանց ցինիկ է։ Մենք լսեցինք, որ այդ ««սահմանապահները» գործել են կանոնակարգին լիովին համապատասխան»,- հանդիպումից հետո լրատվամիջոցներին ասել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) վերլուծական բաժնի փոխտնօրեն Իրակլի Անթաձեն։
Ըստ նրա՝ հանդիպման քննարկման թեման ապօրինի «սահմանագծումն» էր. «Սրա վերաբերյալ օկուպացիոն ուժերի դիրքորոշումն անփոփոխ է. անհեթեթ փաստարկներով նրանք փորձում են օրինականացնել այս բացասական, ծայրահեղ կործանարար գործընթացը։ Մեր կողմից միշտ շեշտում ենք մի հանգամանք, որ ապօրինի կայանքների կառուցումը չի նշանակում միայն ցանկապատ կամ փշալար տեղադրել, այլ՝ նախևառաջ, դա հետագա գործընթացի նախապատմությունն է, ինչը նշանակում է քաղաքացիական անձանց ապօրինի կալանավորում։ Դրա վառ օրինակը Վրաստանի վեց քաղաքացիներն են, որոնք դեռևս գտնվում են օկուպացված տարածքում անօրինական կալանքի տակ»,- ասել է Անթաձեն։
ՊԱԾ-ի ներկայացուցչի խոսքով, Վրաստանի կենտրոնական իշխանության պահանջն է՝ անօրինական կերպով ձերբակալված բոլոր անձանց անվերապահ ազատ արձակել։
IPRM-ի հաջորդ հանդիպումը նախատեսված է մայիսի 16-ին։
Հիշեցնենք, որ 2023 թվականի նոյեմբերի 6-ին Գորիի մունիցիպալիտետի Կիրբալի գյուղի մոտ ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները ձերբակալելու պահին մահացու վիրավորել են 58-ամյա Թամազ Գինտուրիին, իսկ նրա հետ գտնվող 33-ամյա Լևան Դոթիաշվիլիին առևանգվել է և երեք օր անց ազատ արձակվել: Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել ռուսական օկուպացիոն ուժերի կողմից Թամազ Գինտուրիի սպանության և Լևան Դոթիաշվիլիի առևանգման վերաբերյալ։