Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղու արդիականացումից հետո հնարավորությունները ներկայացվել են ղազախական փոխադրողներին։ Տեղեկությունը տարածել է Ղազախստանի երկաթուղիների մամուլի ծառայությունը։
Նշված է, որ ղազախական փոխադրողները հետաքրքրված են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով։
Ղազախստանի և Ադրբեջանի երկաթուղիների ինտեգրված պլանավորման տնօրինության ներկայացուցիչների կազմակերպած հանդիպմանը մասնակցել են ղազախական փոխադրողները, ինչպես նաև արդյունաբերական միավորումների և «Ատամեկեն» արդյունաբերական-հետազոտական ձեռնարկության ներկայացուցիչներ:
Համատեղ հայտարարության մեջ գրված է, որ արդիականացումից հետո ԲԹԿ երկաթուղային երթուղու թողունակությունն աճել է 5 անգամ, այն է՝ տարեկան 1-ից հասնելով 5 միլիոն տոննայի։ Ամբողջությամբ ավարտվել է մայրուղու էլեկտրաֆիկացումը, վերակառուցվել է Ախալքալաքի (Վրաստանի տարածքում — հեղ.) կայանը։ Նախագիծն իրականացվել է Ադրբեջանի նախաձեռնությամբ՝ «Միջին միջանցք»-ով բեռների փոխադրման ծախսերի նվազեցման միջոցով տարանցումը մեծացնելու նպատակով։
«ԲԹԿ երկաթուղային երթուղին կարագացնի բեռների առաքումն Ասիայի և Եվրոպայի միջև՝ շրջանցելով սևծովյան նավահանգիստները և ավելի խնայող կդառնա ծովային ճանապարհային տրանսպորտի համեմատությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշված է նաև, որ մինչև տարեվերջ վրացական և ադրբեջանական կողմերի մասնակցությամբ համատեղ ձեռնարկություն կգործարկվի, որը կաշխատի երթուղու բեռնափոխադրումների սակագնային քաղաքականության ձևավորման և փոխադրման պայմանների ուղղությամբ։