Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Կարլ Հարցելին է հանձնել Եվրամիության անդամակցության հարցաշարի երկրորդ մասը, որը երկիրը լրացրել է ժամկետից շուտ։
«Ուրախ եմ ներկայացնել հարցաշարի լրացված տարբերակը։ Մենք անհամբեր սպասում ենք Եվրահանձնաժողովի և նրա անդամ երկրների որոշմանը»,- ասել է Ղարիբաշվիլին։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետին և նշել, որ հարցաշարը մեծապես կօգնի Եվրահանձնաժողովին՝ որոշում կայացնելու այս վերջնական փուլում։
Եվրահանձնաժողովի հարցաշարի երկրորդ՝ վերջնական մասը ներառում է 33 գլուխ և մինչև 2300 հարց բոլոր ոլորտային ուղղություններով, դրա ներկայացման ժամկետը Եվրամիությունը սահմանել է մայիսի 13-ին։
Ղարիբաշվիլիի խոսքով՝ հարցաշարն արդյունավետ և սեղմ ժամկետներում լրացնելու նպատակով ներգրավվել են համապատասխան բոլոր պետական գերատեսչությունները, և գործընթացն անձամբ վերահսկվել է կառավարության ղեկավարի կողմից։
Վարչապետը նշել է, որ Վրաստանի եվրոպական ընտրությունը միակ լուծում է, և դա ոչ միայն կառավարության, այլ նաև վրաց ժողովրդի ընտրությունն է։
Հիշեցնենք, որ Վրաստանը ԵՄ անդամակցության հարցաշարի երկրորդ մասը լրացրել էր մայիսի 6-ին։