Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Եվրամիության պատվիրակության ղեկավար Կառլ Հարցելին է հանձնել Եվրահանձնաժողովի հարցաշարի առաջին մասը, որն արդեն լրացված է։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարությունը։
«Պատիվ ունեմ ձեզ տրամադրել Եվրահանձնաժողովի հարցաշարի մեր պատասխանները՝ նախապատրաստվելով ԵՄ-ին Վրաստանի անդամակցության դիմումի ավարտին»,- ասել է վարչապետը։
ԵՄ դեսպանը հաջողություն է մաղթել Վրաստանին և նշել, որ իր համար մեծ պատիվ է մասնակցել այս պատմական գործընթացին։
Վարչապետը նշել է, որ Վրաստանի կառավարությունը և բոլոր համապատասխան պետական գերատեսչությունները շարունակում են ինտենսիվ աշխատել հարցաշարի երկրորդ՝ ոլորտային մասի լրացման ուղղությամբ, որը ներառում է 33 գլուխ և մինչև 2300 հարց։ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանի կառավարությունը ցանկանում է ժամանակից շուտ ԵՄ-ին հանձնել հարցաթերթիկի երկրորդ մասը, և գերատեսչությունները ջանք չեն խնայի։
Վրաստանի կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն, լրացված հարցաշարը ստանալուց հետո Եվրահանձնաժողովը կսկսի պատրաստել սեփական գնահատման զեկույցը, որը կներկայացնի Եվրամիության խորհրդին, իսկ որոշումը կկայացվի հավանաբար հունիսի վերջին։