
Այսօր ողջ քաղաքակիրթ աշխարհի հետ միասին նշում ենք Հանդուրժողականության միջազգային օրը, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության տարածած հաղորդագրության մեջ։
«Հանդուրժողականությունը, մարդկանց գնահատումը, արժանապատվության նկատմամբ հարգանքը և տարբերությունների ընդունումը մեր մեծ մշակույթի և պատմության շարունակական ավանդույթն են և վրացական ինքնության անբաժանելի մասը: Դարեր շարունակ տարբեր ազգությունների, կրոնների և ավանդույթների մարդիկ արժանապատիվ ապրել են մեր հողի վրա և միասին կերտել մեր ընդհանուր հայրենիքի պատմությունը», — նշված է հաղորդագրության մեջ։
Ղարիբաշվիլիի ընդգծմամբ` նույնիսկ այսօր ժամանակակից, եվրոպական Վրաստանի խաղաղ և զարգացման միտված հասարակության կառուցման հիմքը հենց այս մեծ ժառանգությունն ու արժեքներն են․
«Մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար արժեքները ճանաչված և երաշխավորված են մեր երկրի սահմանադրությամբ։ Մենք հարգում ենք այդ արժեքները և միշտ կհարգենք»։