Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է ողջ Վրաստանին, մասնավորապես աբխազ եղբայրներին և քույրերին Աբխազիայի օրվա կապակցությամբ։
Ըստ Ղարիբաշվիլիի՝ Վեհափառ Հայրապետ, Համայն Վրաստանի Կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի օրհնությամբ այս հերթական հրաշալի ավանդույթը խորհրդանշում է վրացիների և աբխազների միասնությունը։
Վարչապետի խոսքով՝ վրացիներին և աբխազներին այսօր բաժանում է օկուպացիոն գիծը, բայց այն, ինչը միավորում է՝ ընդհանուր պատմությունն ու մշակույթը, արժեքները և գալիք սերունդների ավելի լավ ապագայի ձգտումը, համոզմունք է տալիս, որ վաղվա օրը նույնպես պատկանում է միասնությանը, խաղաղությանը և բարեկամությանը։
«Մայիսի 23-ին մենք մեր հայրենիքում նշում ենք Աբխազիայի օրը։
Մենք ամեն ինչ անում ենք, և ես հավատում եմ, որ հեռու չէ այն օրը, երբ մենք կկարողանանք վերամիավորվել հանուն ապագայի՝ միասին կառուցելու ուժեղ, զարգացած, եվրոպական երկիր»,- ասել է Ղարիբաշվիլին: