Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին մարտի 31-ին լրագրողներին ասել է, որ իր հոր բազմամիլիոնանոց ունեցվածքը միանգամայն օրինական է։
«Հայրս հնարավոր է՝ թոշակառու է, բայց պաշտոնապես ունի բազմամիլիոնանոց բիզնես և ունեցվածք»,- ասել է Ղարիբաշվիլին։
Նա չի մանրամասնել՝ թոշակային տարիքում գտնվող հայրը՝ Տարիել Ղարիբաշվիլին, ինչ ճանապարհով է կուտակել բազմամիլիոնանոց ունեցվածքը. «Տարբեր միջոցներով է ստեղծել»:
«Իմ ընտանիքն ունի բացարձակ օրինական եկամուտ, բացարձակ օրինական բիզնես գործունեություն։ Այս առնչությամբ, եթե դուք հետաքրքրված եք, ես պատրաստ եմ ձեզ տրամադրել ողջ տեղեկատվությունը, եթե իսկապես հետաքրքրված եք, թե որտեղից փող ունի հայրս, որին դուք անվանում եք թոշակառու…»,- ասել է Ղարիբաշվիլին։
Հանրության շրջանում Ղարիբաշվիլիի հոր, և, ընդհանրապես՝ ընտանիքի անդամների հարստության նկատմամբ հետաքրքրությունը նորություն չէ։ Ամեն անգամ, երբ ծնողները նախկին վարչապետին մեծ գումարներ կամ թանկարժեք ծառայություններ են մատուցել, հանրության շրջանում հարցեր են առաջացել:
Մարտի 31-ին տարեկան հաշվետվությունը ներկայացնելուց հետո՝ Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար Ռազդեն Կուպրաշվիլիին ԶԼՄ-ների ներկայացուցիչները մի շարք հարցեր ուղղեցին Իրակլի Ղարիբաշվիլիի և նրա ընտանիքի ունեցվածքի վերաբերյալ:
Կուպրաշվիլին ասել է, որ նախկին վարչապետի 2022 թվականի հայտարարգիրը դրական է գնահատվել բյուրոյի կողմից, և 2024 թվականի մարտի թարմացված հայտարագրում արտացոլված փաստերը կգնահատվեն այս տարի։
Հարցի վերաբերյալ ներկայիս վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է. «Ինչ վերաբերում է մեր թիմակիցներին, նախկին թիմակիցներին, ես չեմ ուզում խառնվել այս սպեկուլյատիվ հայտարարություններին»:
Ընդգծենք՝ Վրաստանի օրենսդրության համաձայն, Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարին նշանակում է վարչապետը։ Ռաժդեն Կուպրաշվիլին նշանակվել է Իրակլի Ղարիբաշվիլիի վարչապետության օրոք։ Միջազգային գործընկերների հանձնարարականի համաձայն, օբյեկտիվ աշխատելու համար Հակակոռուպցիոն բյուրոն պետք է լինի լիովին անկախ մարմին և ընտրվի խորհրդարանի կողմից։
Ղարիբաշվիլիի հայտարարագիրը. ծնողները 150 հազար լարի են նվիրել