Երիտասարդությանը դուրս բերել քրեական ու թմրամիջոցների աշխարհից, նման նպատակ ունի Իրակլի Ղարիբաշվիլին՝ Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում: Այս մասին նորանշանակ նախարարը լրագրողների հետ զրույցում հայտարարել է նախօրեին՝ պաշտոնի հաստատումից անմիջապես հետո:
Կառավարությունում արված փոփոխություններն այսպիսին են՝ արդեն նախկին ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան ստանձնել է Վրաստանի վարչապետի պաշտոնը, ՆԳ նախարարի պաշտոնում նշանակվել է Վախթանգ Գիգաուրին, իսկ երկրի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ պաշտպանության նախարարը կլինի:
«Մեր երիտասարդները պետք է հպարտանան բանակում ծառայությամբ: Իմ նպատակը կլինի այն, որ երիտասարդները բանակից դուրս գան որպես կայացած մարդիկ՝ պատրաստ ծառայելու հայրենիքին»,- ասել է Ղարիբաշվիլին:
Հատկանշական է, որ Ղարիբաշվիլին խուսափել է պատասխանել հարցին՝ արդյո՞ք ինքը ծառայել է բանակում:
Նա ավելացրել է, որ ևս մեկ կարևոր ուղղություն համարում է Վրաստանի ռազմական արդյունաբերության նոր փուլ մտնելն ու զարգանալը: