Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պարզաբանել է Ուկրաինայում կռվող Վրաստանի քաղաքացիների մասին իր հայտարարությունը:
Ըստ Ղարիբաշվիլիի՝ ինքը նկատի չի ունեցել, թե բոլոր նրանք, ովքեր կռվում են Ուկրաինայում, «Պատերազմի կուսակցության» (նկատի ունի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությանը- խմբ.) կազմակերպմամբ են դուրս բերվել Վրաստանից՝ պատերազմին մասնակցելու համար:
Ըստ վարչապետի՝ պետք է տարբերակել նրանց, ովքեր Ուկրաինա են գնացել իրենց անկեղծ ցանկությամբ և այն մարդկանց, ովքեր, ըստ Ղարիբաշվիլիի՝ ՄԱՇ-ի ակտիվ անդամներ են և քաղաքական հայտարարություններ են անում ռազմաճակատից։
Ղարիբաշվիլիի խոսքով, կան մարդիկ, որոնք պայքարի են գնացել իրենց համոզմունքներից ելնելով, նաև հավելել է, որ Վրաստանի բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից, մաղթում է քաջառողջություն և ապահով վերադարձ տուն:
Ի դեպ, դեկտեմբերի 3-ին Ուկրաինայի Բախմուտ քաղաքի մերձակայքում ռուսական օկուպացիոն ուժերի հետ բախման ժամանակ զոհվել է վրացի 5 մարտիկ:
Ղարիբաշվիլին մի քանի օր տևած լռությունից հետո ցավակցություն էր հայտնել Ուկրաինայում զոհված վրացի մարտիկների ընտանիքներին։ Իսկ հետո ասել էր, որ «Պատերազմի կուսակցությունը» Վրաստանից մարդկանց տանում է դեպի ուկրաինական պատերազմ։