Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ը նշում է, որ կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին «մարզվելիս վնասել է ուսը», «բժշկական աննշան օգնության» համար գտնվել է «Ամերիկյան հոսպիտալ» կլինիկայում։
Ուշագրավ է, որ մինչ «Վրացական երազանք»-ի հիշյալ հայտարարությունը, «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Ղարիբաշվիլիին տեղափոխել են «Ամերիկյան հոսպիտալ»․ «կան տեղեկություններ օլիգարխի թիմում ենթադրյալ ֆիզիկական բախումների մասին»։
Դեկտեմբերի 10-ին Բիձինա Իվանիշվիլիի նախկին մտերիմ Գիորգի Բաչիաշվիլին, որին լրատվամիջոցներն անվանել են Իվանիշվիլիի «անձնական բանկիր» և ում դեմ գործ է հարուցվել բիթքոյնների վերաբերյալ, ասել էր, որ Ղարիբաշվիլին «երկու շաբաթից ավել է, ինչ չի հայտնվել գրասենյակում»։
«Այսօր լսվեց, որ նա տարբեր վնասվածքներով գտնվում է վնասվածքաբանության կենտրոնում։ Չգիտեմ՝ ինչի հետ է կապված, բայց առեղծվածային պատմություն է»,- TV Pirveli հեռուստաընկերության հետ զրույցում ասել էր Բաչիաշվիլին:
Ըստ Radiotavisupleba լրատվամիջոցի աղբյուրի՝ Ղարիբաշվիլին «Ամերիկյան հոսպիտալ»-ում դիմել է վնասվածքաբանի. նա վնասվածք է ստացել։
Դեկտեմբերի 11-ին «Վրացական երազանք»-ը «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը հայտնել է, որ Ղարիբաշվիլիի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի մասին լուրերը «ապատեղեկատվություն» են և հանրությանը մոլորեցնելու թույլ փորձ։
«Իրականում, «Վրացական երազանք»-ի նախագահը մարզումների ժամանակ վնասել է ուսը և մի փոքր բուժօգնության կարիք ուներ»,- նշել են կուսակցությունից։
Նախկին վարչապետ Ղարիբաշվիլին «Վրացական երազանք»-ի նախընտրական ցուցակի երրորդ համարն էր՝ Բիձինա Իվանիշվիլիից և Իրակլի Կոբախիձեից հետո։
Դեկտեմբերի 10-ին չլեգիտիմացված խորհրդարանի նիստում «Վրացական երազանք»-ի մեծամասնությունը համաձայնել է 11-րդ գումարման խորհրդարանի պատգամավորական մանդատները չեղարկելու ութ թիմակիցների խնդրանքին։ Իվանիշվիլիի հետ նրանց թվում էր Ղարիբաշվիլին։