Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հյուրընկալել է Մոնտենեգրոյի վարչապետ Դրիտան Աբազովիչին, փոխանցում է Վրաստանի կառավարությունը:
Կառավարությունում կայացած հանդիպմանը կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև առկա հարաբերությունների հետագա խորացման կարևորությանը։ Նշվել է, որ Մոնտենեգրոյի մասնակցությունը Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհի ֆորումին» կապերն ամրապնդելու հնարավորություն է։
«Զրույցի ընթացքում անդրադարձել են նաև բարձր մակարդակի երկկողմ այցերի ակտիվացմանը։ Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Մոնտենեգրոյի վարչապետին՝ Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհի ֆորում»-ին մասնակցելու համար»,- նշված է կառավարության հաղորդագրության մեջ:
Աբազովիչը Թբիլիսիում մասնակցում է «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին: Միջոցառմանը մասնակցում են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: