
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր ընդունել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Սադոյանին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Վրաստանում, հայտնում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը:
Հրաժեշտի հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների բարիդրացիական հարաբերություններին և տարբեր ոլորտներում հետագա համագործակցության հեռանկարներին։
Կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Ընդգծվել է հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը։ Նշվել է, որ Վրաստանը միշտ պատրաստ է նպաստել և աջակցել խաղաղ գործընթացին։
«Վարչապետը շնորհակալություն է հայտնել հայ դիվանագետին՝ երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում մատուցած ծառայության համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ»,- ասվում է տեղեկության մեջ:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն օրեր առաջ հրամանագիր է ստորագրել և Աշոտ Սմբատյանին Վրաստանում նշանակել Հայաստանի Հանրապետության նոր արտակարգ և լիազոր դեսպան: